Ես էլ էի դեմ այս ընտրություններին, ես էլ էի համարում, որ շատ ավելի ճիշտ կլիներ, որ ձեւավորվեր ժամանակավոր կառավարություն, մեկ տարի անցներ, որից հետո գնայինք ներքաղաքական առումով ավելի հանգիստ ու հասկանալի վիճակում ընտրությունների: Այս մասին մայիսի 31-ին Շիրակի մարզի քաղաքացիների եւ «Հայաստան» դաշինքի ակտիվի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը:

«Բայց այս մարդը չցանկացավ գնալ: Ընտրությունները մենք չենք նշանակել, նշանակել է գործող վարչակարգը: Հիմա չգնանք ընտրությունների, ասենք՝ թող գնա վերընտրվի՞: Իհարկե չէ:

Քանի որ ընտրությունները նշանակված են, մենք ամեն ինչ պետք է անենք, որ այս մարդիկ խորհրդարանում չհայտնվեն: Մեկ է, խորհրդարանում ինչ-որ մասնաբաժնով  հայտնվելու դեպքում էլ չեն կարող ձեւավորել կառավարություն եւ այս ամենի համար այդ անձնավորությունը պետք է պատասխան տա»,-ասաց նա:

Քոչարյանը խոսելով Նիկոլ Փաշինյանի մասին՝ ասաց. «Իրեն հարգող մարդը նոյեմբերի 10-ին պետք է ինքն իրեն խփեր: Միգուցե դաժան բան եմ ասում, բայց չեմ կարող չասել, որովհետեւ 5 հազար կորուստ ենք տվել, 11 հազար վիրավոր, հողային կորուստներ: Այդ ամենը կարող էր եւ չպետք է լիներ: Հիմա այդ նույն մարդը խոսում է տղամարդկության մասին: Էդ մարդը էդ թուղթը ստորագրելուց հետո ես չգիտեմ՝ քանի փամփերս է փոխել եւ որտեղ»:

Երկրորդ նախագահն ասաց, որ գործող իշխանությունները պետք է պատասխան տան իրենց արածների համար, բայց դա չպետք է հաշվեհարդարի, վենդետայի ձեւ ընդունի:

«Ես հասկանում եմ, որ դա չպետք է լինի ինդուլգենցիա, որովհետեւ շատ թանկ նստեց երկրի վրա այդ մեղքերը, բայց պետք է լինի արդարադատություն: Ոչ թե վենդետա, այլ արդարադատություն: Մենք չենք կարող ձեւացնել, որ մեր երկրի հետ բան չի պատահել: Մենք պարտվածի դերից մի քանի տարի դուրս ենք գալու մեծ դժվարությամբ: Սա հոգեբանական  մեծ ճնշում է լինելու մեր ժողովրդի վրա: Չի կարելի այս ամենի վրա աչք փակել, ասել՝ ինչ եղել, եղել է: Դասեր պետք է քաղենք անպայման եւ  դա դաս պետք է լինի նաեւ ապագա սերունդների համար, թե ինչ կարելի է անել եւ ինչ չի կարելի անել»,-ընդգծեց Քոչարյանը: