ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը հանգրվանել է Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղպայմանագրի» ցուցակի երկրորդ տասնյակում՝ 14-րդն է։ Hraparak.am-ը զրուցել է Արսենյանի հետ։

— Ինչո՞ւ նախընտրեցիք իշխանության թիմը՝ այն էլ պատերազմից, այս մեծ աղետից հետո։

— Ես քաղաքական նույն թիմի հետ եմ մասնակցում ընտրություններին, որովհետեւ այդ քաղաքական թիմին բացահայտ, հրապարակային աջակցություն եմ ցուցաբերել իրենց իշխանության գալու օրվանից։

— Պատերազմը Ձեր կյանքում ոչինչ չի՞ փոխել։

— Մեր կյանքում պատերազմը փոխել է հետեւյալը, որ եղել է պատերազմ։ Մեր կյանքում եղել են համաճարակ, տնտեսական ճգնաժամ, եղել է նաեւ սոցիալական ճգնաժամ, երբ հասարակության նկատմամբ ատելության, կեղտի ու մարդկային ստորության դռները բացվեցին, եւ հարձակում գործվեց հայ հասարակության վրա՝ ողջ ուժով, նոյեմբերի 9-ից հետո։

— Ո՞ւմ կողմից։

— Ատելության մթնոլորտ ձեւավորելու հարցում առաջատարը գործող իշխանություններն են, սա կփաստեն շատերը։

— Ատելության մթնոլորտի եւ այն իրադարձությունների վերաբերյալ, որոնք տեղի ունեցան Հայաստանում, իշխանությունները ոչ մի կապ չունեն։ Եթե քննադատության փոխարեն իրականացվում է մարդու անձի, ընտանիքի անդամի, կնոջ, երեխայի, ծնողի նկատմամբ ստորացուցիչ մոտեցում, դա իմ համար բացարձակապես անընդունելի է, ինչը որ փորձեց անել ընդդիմությունը՝ փորձելով ձեզ բացատրել, թե մենք հիմա ձեզ կփրկենք։

— Եթե անգամ այդպես է, չմոռանանք, թե ովքեր են այդ մթնոլորտը ձեւավորելու ռահվիրաները՝ պատերազմից առաջ, պատերազմի ընթացքում, եւ շարունակում են նաեւ այսօր։

— Դուք ինձնից եք հարցազրույց վերցնում, ընդունեք իմ տարբերակը, իմ տեսակետը, ընկալումը։ Ես կրկնում եմ՝ իշխանության գալու առաջին օրվանից պաշտպանել եմ այս քաղաքական ուժին, ընդ որում՝ քննադատությամբ, իրենց անարդյունավետ գործունեության, չարածի կամ վատ արածի համար, սակայն գտնում եմ, որ եկել է մի պահ, երբ մենք բոլորս՝ այն մարդիկ, ովքեր մտածում են Հայաստանի եւ ՀՀ քաղաքացիների ապագայի մասին, ուս-ուսի պետք է տանք ու անցնենք մեր քարքարոտ ու փշոտ ճանապարհը, որը կոչվում է երկրի ու հասարակության հետպատերազմյան վերականգնում։ Մենք ոչ մեկին թույլ չենք տա, որ փլի մեր հասարակությունը, մեր տունը, մեր հայրենիքը, որովհետեւ մենք մեր հայրենիքի պատասխանատուներն ենք։