Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ամենօրյա ռեժիմով զբաղվում է Սյունիքի հակամարտության կարգավորմամբ: Այս մասին հայտնում է @wargonzo Telegram-ալիքը՝ հղում անելով ՌԴ ՊՆ ղեկավարությանը մոտ կանգնած աղբյուրներին:

«Սյունիքի մարզում սահմանի խնդրի վերաբերյալ հայկական եւ ադրբեջանական կողմերի հետ շփումները տեղի են ունենում տարբեր մակարդակներով, այդ թվում՝ ռազմական գերատեսչությունների ղեկավարների:

Ռուսաստանն իր առջեւ խնդիր է տեսնում լուծել իրավիճակն այնպես, որ թույլ չտա լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսում տարածաշրջանում, ինչպես նաեւ՝ պահպանի խաղաղապահ երկրի կարգավիճակը:

Ռուսական առաքելության աշխատանքը՝ Ռուստամ Մուրադովի (Արցախում ռուս խաղաղապահների հրամանատար — խմբ.) ղեկավարությամբ, ապացուցել է իր արդյունավետությունը, չնայած այն խնդիրներին, որոնք արհեստականորեն ստեղծվել էին շահագրգիռ խաղացողների, այդ թվում՝ արտաքին ուժերի կողմից:

Արտաքին ուժերի մասին խոսելիս հարկ է նշել, թե ինչպես են ծագած հակասությունների վրա փորձում խաղալ Հայաստանի արեւմտյան «գործընկերները»: Մասնավորապես՝ Ֆրանսիան եւ ԱՄՆ-ը, որոնք իրենց վերահսկողության տակ գտնվող ցանցային ռեսուրսների եւ ֆոնդերի միջոցով ակտիվորեն հակառուսական տրամադրություններ են սերմանում հայ հասարակության մեջ:

Բացարձակապես ոչինչ չձեռնարկելով այն բանի համար, որպեսզի դադարեցնի արյունահեղությունը Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում` նույն Մակրոնն այսօր բարձր հայտարարություններ է անում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին` միաժամանակ չօգտագործելով ազդեցության իրական գործիքներ Բաքվի եւ Անկարայի վրա: (Իսկ Ֆրանսիան, ի դեպ, դրանք ունի):

Մինչ մինի-Նապոլեոնը ուռցնում է այտերը, պաշտպանության նախարարության եւ անձամբ Մուրադովի բանակցող թիմը հնարավոր ամեն ինչ անում է, որպեսզի հասնի այս սահմանային հակամարտության կարգավորմանը: Որքան մեզ հայտնի է, Մուրադովի գործուղումը Ղարաբաղ չի ավարտվի, քանի դեռ հարցը չի լուծվել»: