Ներքաղաքական վիճակը նպաստեց, որպեսզի պատերազմ սկսվի: Այս մասին «RBC TV»-ի գլխավոր տնօրեն Իլյա Դորոնովին տված էքսկլյուզիվ հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Հարցին, թե արդյոք Հայաստանի ներքաղաքական վիճակը նպաստեց, որպեսզի պատերազմ սկսվի, նախկին նախագահը նշել է. «Անկասկած: Դրան նպաստեց նաեւ տարածաշրջանում Թուրքիայի դերի մեծացումը: Ադրբեջանն իրեն ավելի վստահ զգաց: Մենք տեսնում ենք՝ ինչպես է  Թուրքիան համառորեն անցնում  է թույլատրելիի սահմանները: Եվ մենք տեսնում ենք՝ ինչպես է թուրքական նեոօսմանիզմի քաղաքականությունն ակտիվորեն զարգանում»:

Նախկին նախագահի խոսքով՝ ակնհայտ է թուրքական ազդեցությունը: «Ի դեպ, մենք շատ չմտածված քայլ կատարեցինք, երբ ՀՀ պաշտպանության նախարարը նոր հայեցակարգ հայտարարեց՝ նոր պատերազմ, նոր տարածքներ: Դա չմտածված, պոպուլիստական քայլ էր, որի արդյունքը դարձավ Աադրբեջանի եւ Թուրքիայի ագրեսիան»,-ասել է նա՝ հավելելով, որ տրամաբանությունը հետեւյալն է. եթե հայկական կողմն ունի որոշ նպատակներ, ապա այդ նպատակների չեզոքացումն ավելի արդյունավետ է հենց Թուրքիայի միջոցով: