Չի բացառվում, որ հետագայում այլ երկրներից կադրեր ներկայացվեն իբր ՀՀ ոստիկանության որեւէ ստորաբաժանումում տեղի ունեցած իրողություն։ Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, լրագրողների հետ զրույցում ասաց փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանն՝ անդրադառնալով համացանցում պարբերաբար հայտնվող՝ ոստիկանների գործողություններին առնչվող տեսանյութերին։

Անդրադառնալով համացանցում տարածված այն տեսանյութին, որտեղ ոստիկանության բաժանմունքում մերկ տղամարդ է երեւում, Ֆիդանյանն ասաց. «Խոշտանգման որեւէ դեպք առկա չէ։ Այդ դեպքը տեղի է ունեցել նախորդ տարվա սեպտեմբերին։ Եթե չեմ սխալվում, տվյալ անձը հոգեկան որոշակի խնդիրներ ունեցող անձ է եղել, հենց այդ վիճակով էլ ինքը եկել էր ոստիկանության բաժին։ Ինքը եկել էր ոստիկանության բաժին՝ անհամաչափ որոշակի գործողություններ կատարելու»։