Հրապարակվել է «Պատիվ ունեմ» դաշինքի ամբողջական ցուցակը: Այստեղ տեղ է գտել 230 անուն: Ինչպես և սպասվում էր, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ոչ միայն չի գլխավորում ցուցակը, այլ նաև առհասարակ չկա այնտեղ: Ցուցակում չեն նաև հայտնի հանրապետականներ Արմեն Աշոտյանն ու Էդուարդ Շարմազանովը, ինչի մասին հայտնի էր դարձել ավելի վաղ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ լրագրողների հետ զրույցում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր, թե ինչու չի գլխավորում «Պատիվ ունեմ» դաշինքը:

Նա մասնավորապես նշել էր, որ առաջին համարները հավակնում են ունենալ պետական բարձր պաշտոններ, իսկ ինքը հայտարարել է, որ այլևս չի զբաղեցնելու պետական բարձր պաշտոն. «Ես իմ խորհուրդներով օգնելու եմ, եթե դրա անհրաժեշտությունը լինի»:

Սարգսյանն ասել էր, որ համարում է՝ ավարտել է իր ծառայությունը Հայաստանի ու հայ ժողովրդին պետական բարձր պաշտոնում։