ՀՀ ՄԻՊ-ը Ալիեւի հայատյաց ելույթների հետ կապված դիմել է ԵԱՀԿ գործող նախագահին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Ադրբեջանի նախագահը 2021թ. մայիսի 20-ին և 28-ին հանդես է եկել ելույթներով, որոնք հայատյացության ու թշնամանքի քաղաքականության վկայություն են:

Ելույթների այդ հատվածներն առանձնացվել են և պաշտոնական նամակներով ուղարկել եմ ԵԱՀԿ գործող նախագահին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին:

Դրանք ուղարկվել են նաև ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտե, ԵԽ-ի Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ հանձնաժողով, ՄԱԿ-ի և ԵԽ-ի մարդու իրավունքների հանձնակատարներին և միջազգային այլ մարմինների:

Այս անգամ խոսքը վերաբերում է`

1) Նիզամի Գյանջևու անվան միջազգային կենտրոնի կազմակերպած «Հարավային Կովկաս․ տարածաշրջանային զարգացում և համագործակցության հնարավորույթյուններ» թեմայով քննարկմանը (մայիսի 20, 2021թ.).

2) Աղդամում տեղական ինքնակառավարման մարմինների հետ հանդիպմանը (մայիսի 28, 2021թ.):

Ելույթների նշված մասերով Ադրբեջանի նախագահը խոսում է ուժի ու սպառնալիքի լեզվով, օգտագործում է այնպիսի ձևակերպումներ ու բառեր, որոնցով նպատակ է հետապնդում վիրավորել ողջ հայ ժողովրդի, Հայաստանի ու Արցախի ողջ բնակչության արժանապատվությունը, լարվածություն առաջացնել հայկական հասարակությունում: Այդ բառերը բնույթով ահաբեկող են: Այդ ելույթներում ընդգծվում է ադրբեջանական ժողովրդի առավելությունները հայ ժողովրդի նկատմամբ միայն էթնիկ պատկանելիության հիմքով:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի այս մշտադիտարկման նպատակն է ցույց տալ ադրբեջանական իշխանությունների ցեղասպան բնույթի քաղաքականությունը, որն էլ հենց իրականում ընկած է մարդու իրավունքների կոպիտ խախտումների, այդ թվում` դաժանությունների հիմքում, վտանգում է խաղաղությունն ու անվտանգությունը»,- գրված ՄԻՊ ֆեյսբուքյան էջում: