Ֆրանսիայում գտնվող ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ դեսպանությունում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը նշեց, որ այցը անցկացվում է դժվար ժամանակներում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»֊ի թղթակիցը Փարիզից, նա շնորհակալություն հայտնեց այս հանդիպման կազմակերպման համար՝ նշելով, որ մեր պետությունը լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած ու նման քննարկումները կարևոր են ախտորոշելու խնդիրները։ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց երկար նախաբան չասել և պատասխանել ներկաների հարցերին։ Նա ընդգծեց, որ հարց ու պատասխանն իմաստ ունի երբ հնչում են ամենաբարդ, ամենատհաճ հարցերը։

«Մեր սիրելի հայրենակիցները բողոքի ակցիա էին անում դեսպանությունից քիչ հեռու։ Դա իրենց իրավունքն է, սակայն կարծում եմ, որ դա հարցից խուսափելու ձև է, ես կցանականայի հստակ հնչեր, թե ինչում է մեր կառավարության դավաճանությունը։ Ես ուշադիր եմ մեր հասցեին հնչող մեղադրանքներին, լսում եմ բոլոր փաստարկները»,֊ասաց Նիկոլ Փաշինյանը։

Հայ համայնքի ներկայացուցիչ, հասարակական գործիչ Ռոբերտ Այդաբիրյանը նշեց, որ խոսել է բողոքի ակցիա անցկացնողների հետ։

«Ես բացատրեցի, որ մենք պետության ներկայացուցչի հետ ենք հանդիպում, մեր խնդիրը մեր պետության հետ չէ, մեր թշնամիների հետ է և եկեք միասին նստենք խոսենք»,֊ասաց հայ համայնքի ներկայացուցիչը։ Շնորհակալություն հայտնելով տեսակետների համար, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նման քննարկումները շատ կարևոր են։ Նա անդրադարձավ վերջին պատերազմական զարգացումներին, ղարաբաղյան հարցին։

«Այն թուղթը, որով կանգնեցրել ենք պատերազմը, իրականում հարցերը չի լուծել, որովհետև սողացող գործընթացը շարունակվում է։ Այս գիտակցումն է, որ թույլ չի տվել ավելի շուտ լուծել Ղարաբաղի հարցը, որը շատ խորքային, բարդ մի հանգույց է և որի լուծումը, ըստ էության, հնարավոր չի եղել։ Մարտահրավերը լուծված չէ, սպառնալիքը նույնն է ու դա ամենամեծ խնդիրն է, որ ունենք։ Իմ ընկալումն այն է, որ պետք է առերեսվել այդ մարտահրավերների հետ հայ ժողովրդի համար խաղաղ դարաշրջան ստեղծելու համար։ Տարիները ցույց տվեցին, որ ոչ զիջողականությունը, ոչ ճկունությունը չեն նվազեցնում ագրեսիվությունը մեր նկատմամբ, ընդ որում տարածաշրջանի միջավայրը մեզ համար բարենպաստ դարձնելու հարցը չի լուծվում։ Մեր մարտահրավերը մնում է նույնը՝ ինչպես կառավարել այն ագրեսիվությունը, որը ձևավորել է Հայաստանի շուրջ»,֊ հավելեց Նիկոլ Փաշինյանը։

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից ոչ հեռու մի խումբ հայեր բողոքի ակցիա էին կազմակերպել՝ իրենց դժգոհությունը հայտնելով Փաշինյանի վարած քաղաքականության առնչությամբ: Դեսպանություն հասնելու ճանապարհին բողոքի ակցիայի մասնակիցներից մի խումբ երիտասարդներ փորձեցին խոչընդոտել ավտոշարասյան ընթացքը: Նրանք փորձում էին ձեռքերով հարվածել դանդաղ ընթացող մեքենաների ապակիներին; Անվտանգության աշխատակիցները ապահովեցին ավտոշարասյան մուտքը դեսպանատուն: