Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմայի հետ:

Կողմերը բարձր են գնահատել Ճապոնիայի և Հայաստանի միջև երկարամյա գործակցությունը:

Տարիների ընթացքում Ճապոնիան Հայաստանին մարդասիրական օգնություն է տրամադրել` ճապոնական բարձր տեխնոլոգիական բժշկական սարքավորումներ, դեղագործական և այլ բժշկական պարագաներ, ինչը մեծ ներդրում է առողջապահական համակարգի արդյունավետ աշխատանքի ապահովման գործում:

«Շնորհակալ ենք COVID-19 համավարակի դեմ պայքարում ցուցաբերած աջակցության համար: Հարկ է նշել, որ մեր երկու երկրների միջև համագործակցությունը միշտ արդյունավետ է եղել, և լիահույս եմ, որ մեր երկրների միջև գործակցությունն ավելի կամրապնդվի: Այս համատեքստում կարևոր եմ համարում փոխանակման ծրագրերի, ճանաչողական այցերի և մասնագիտական դասընթացների համատեղ կազմակերպումը»,- ասել է նախարարի պաշտոնակատարը:

Հանդիպմանն Անահիտ Ավանեսյանը և Մասանորի Ֆուկուշիման քննարկել են այն բոլոր ուղղությունները, որտեղ բարեփոխումների և համատեղ աշխատանքի կարիք կա: Ճապոնիայի դեսպանն ընդգծել է, որ իրենք պատրաստակամ են աջակցելու, նոր ծրագրեր կազմելու, որոնց իրականացումն առաջնահերթություն է Հայաստանի համար համավարակի և հետպատերազմյան շրջանում:

Հանդիպման ավարտին երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել ուռուցքաբանության, վերականգնողական ծառայությունների, հոգեկան առողջության, մայրական մահացության նվազեցման և վերարտադրողական առողջության կարողությունների, ինչպես նաև համընդհանուր առողջության լուսաբանման, առողջության առաջնային և կանխարգելիչ ծառայությունների մատչելիության բարելավման ուղղությամբ: