«Փաստ» օրաթերթը գրում է․ <<Հետպատերազմյան իրականությունը բավական զգայուն իրավիճակ է ստեղծել։ Պարտության էմոցիոնալ հետևանքները շարունակում են իրենց ազդեցությունն ունենալ ներքաղաքական զարգացումներում։ Միևնույն ժամանակ, Հայաստանը կանգնած է կառավարման լուրջ ճգնաժամի առաջ։ Իսկ առջևում արտահերթ ընտրություններ են։ Շատերի կարծիքով, ավելի իդեալական կլիներ, որ ձևավորվեր ժամանակավոր կառավարություն, և միայն իրավիճակի կայունացումից հետո ընտրություններ տեղի ունենային, սակայն ունենք այն, ինչ ունենք։

Ավելին, ոչ ավել-ոչ պակաս, 27 կուսակցություն է մասնակցության հայտ ներկայացրել։ Սակայն մի կարևոր առանձնահատկություն պետք է հաշվի առնել, որ ընտրություններին 20 օր է մնացել, իսկ հանրության դեռևս չկողմնորոշված հատվածը բավականին մեծ է, ու այդ մարդկանց վստահությանն արժանանալու համար ներքաղաքական դաշտում ակտիվ պայքար է ընթանում։ Քանի որ իշխանությունները կոնկրետ ծրագրային ասելիք չունեն, ոչ մի խոստում չեն կատարել, գաղափարներ բացարձակ չունեն, երկիրը ավերել են, ձախողել են բոլոր ոլորտներում, այդ իսկ պատճառով փորձում են կրկին գործի դնել քաղաքական մանիպուլ յացիաների և ատելության բորբոքման «գործիքը»։ Մյուս կողմից՝ այսօրվա իշխող ուժը ոչ միայն քաղաքական դաշտում, այլև ընդհանրապես փաստացի միայնակ է մնացել, քանի որ խորհրդարան անցնելու հնարավորություն ունեցող անխտիր բոլոր քաղաքական ուժերը հայտարարել են, որ բացառում են Փաշինյանի հետ որևէ քաղաքական համագործակցության ձևաչափ։

Այսինքն, ինչպես առիթ ունեցել ենք արձանագրելու, «կոնսենսուս մինուս մեկ» ձևաչափն այլևս իրականություն է, ինչը նշանակում է, որ Նիկոլի պարտությունը փաստացի երաշխավորված է։ Իհարկե, կան նաև քաղաքական միավորներ, որոնք Նիկոլի հետ համագործակցությունը բացառելու հետ կապված հայտարարություն չեն արել։ Ավելին, որոշները նույնիսկ հենց այդ նպատակով էլ նետվել են դաշտ: Ճիշտ է, դրանք բոլորն էլ նույնիսկ 1 տոկոս ստանալու շանս չունեն, սակայն գոնե ընտրողների համար անհրաժեշտ է հասկանալ՝ ով ով է: Փաստացի ստացվում է, որ Նիկոլի հետ համագործակցության բացառման կամ չբացառման մասին որևէ քաղաքական ուժի դիրքորոշումը յուրատեսակ «լակմուսի» թղթի նշանակություն ունի: Նիկոլի ու նրա ուժի հետ կոալիցիա կազմելը բացառելու մասին հայտարարություն չանողներին կարելի է բաժանել երկու խմբի. մի խումբը նրանք են, որոնք բոլորի համար ակնհայտ «նիկոլական պրոյեկտ են», ու նրանց քաղաքական պայքարի ողջ էությունը լինելու է իշխանական ջրաղացին ջուր լցնելը, երկրորդ խումբը՝ երբ պարզապես «ոչինչ չեն բացառում»։

Առաջինների հարցը պարզ է, դրանց հանրությունը արդեն որակել է որպես ՔՊ-ի կլոններ: Սակայն, անկախ նրանից, որ խմբի մասին է խոսքը, ցանկացած պարագայում, եթե չես բացառում Նիկոլի հետ համագործակցությունը, ուրեմն պարզապես թելում ես Նիկոլի թելը, մանիպուլացնում ես հասարակությունը, մի խոսքով՝ նիկոլություն ես անում։ Մյուս կողմից՝ իշխանությունների կողմից ուշագրավ ինդիկատոր է իրական ընդդիմադիր հատվածին թիրախավորելու հանգամանքը։ Նորից նշենք՝ վերը նշված 2-3 «միավորների» դեպքում ամեն ինչ հստակ ու պարզ է. նրանք չեն կարող ազնիվ ընտրարշավ անցկացնել, նրանք երկու խնդիր ունեն՝ ամենժամյա ռեժիմով թիրախավորել իրական ընդդիմությանը, անընդհատ շահարկել «նախկինների» թեման, մի խոսքով՝ հնարավոր ու անհնար մեթոդներով պայքարել Նիկոլի վերարտադրության համար, քանզի Նիկոլի իշխանավարումը ձեռնտու է հենց այդ՝ առավելապես արևմտյան ֆինանսավորում ունեցող ու արևմտյան շահերն առաջ մղող ուժերին, որոնց ձեռնտու չէ ազգային, հայրենասեր, պետականամետ ուժերի՝ իշխանության գալը:

Բայց բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք ընտրարշավի ժամանակ «ձեռքի հետ» քննադատելով այս իշխանություններին՝ կթիրախավորեն ընդդիմադիր ուժերին ու կշահարկեն «նախկինների» թեման, լիարժեք կտեղավորվեն վերը նշված ուժերի շարքում: Այսօր, վերոշարադրյալ ուժերից զատ, մնացյալին պետք է մտահոգեն առաջին հերթին երկրի շահերը, պետք է բոլոր ուժերը գործադրեն, որ այս իշխանությունների պառակտիչ գործողությունները որևէ արդյունք չունենան։ Ըստ այդմ, անհրաժեշտ է հստակ կարմիր գիծ անցկացնել իրական ընդդիմության և կեղծ ընդդիմության միջև։

Իսկ դրա համար պահանջվող քայլերից մեկն էլ այն է, որ երկրի ապագայով մտահոգ իրական ընդդիմադիր ուժերը քարոզչական դաշտում միավորեն իրենց ողջ ներուժը երկիրը Նիկոլի իշխանությունից ազատելու համար, քանի որ այն վաղուց արդեն Հայաստանի գլխին պատուհասի է վերածվել։ Այսինքն, այս ընտրությունների հիմնական թեզը բոլորի համար մեկը պետք է լինի՝ կա՛մ դու պայքարում ես Նիկոլից Հայաստանն ու հայ ժողովրդին ազատելու համար, կա՛մ նպաստում ես Հայաստանի վերջնական կործանմանը: Այլ ճանապարհ չկա…>>