Սյունիքի մարզի սահմանամերձ Արավուս գյուղի բնակիչներն իրենց 1000 գլուխ անասունների գերակշիռ մասը վաճառել են, քանի որ արոտավայրերն անցել են հակառակորդի վերահսկողության ներքո, իսկ բնակավայրերի հարակից տարածքներում արոտավայրերը շատ քիչ են։

«Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ Արավուսի գյուղապետ Արգամ Հովսեփյանը նշեց, որ 1000 անասունից մնացել է 200-ը, մնացածին ստիպված վաճառել են։

«Մեր 64 հա հողն իրենց ձեռքն է։ Ամեն օր խոսում ենք այս մասին, ասում են՝ հեսա հանձնաժողով է գալու։ Թե երբ է գալու, չգիտեմ։ Թուրքերն այսօր նստած են մեր ցանած հողերին, չենք կարողանում այդ հողերը հնձենք։ Մարդիկ այդքան անասուն են վաճառել, արոտներն էլ չկան, պարզ է, որ սոցիալական խնդիրներ կունենան»,-նշեց գյուղապետը։

Չնայած նոյեմբերի 9-ի փաստաթղթից հետո առաջացած անվտանգային բազմաթիվ խնդիրներին՝ Արավուսի 178 բնակիչներից դեռ ոչ ոք գյուղը չի լքել։ Արգամ Հովսեփյանը վստահեցնում է՝ արավուսցին ուժեղ է և դուխով. «90-ականների պատերազմին էլ են մնացել, մինչև հիմա էլ մնում են։ Բնակիչներից միայն մեկը նման մտադրություն ուներ, սակայն հորդորեցի չլքել գյուղը»,-նշեց Արգամ Հովսեփյանը։

Հարցին՝ արդյոք գյուղի բնակիչներին զենք տրամադրե՞լ են՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ բազմիցս դիմել են այդ հարցով, Արգամ Հովսեփյանը նշեց, որ սահմանամերձ գյուղերից ոչ մեկին էլ զենք չեն տվել։

«Դրա համար մենք մեր գլխի ճարը տեսնում ենք։ Սեփական զենք ենք առնում, որսորդմիության անդամ դառնում, որ կարողանանք օրինական ձևով պաշտպանել մեր գյուղը։ Էդ ա, ուրիշ ճար չունենք»,-ասաց գյուղապետը։

Վերջինս նաև նշեց, որ սահմանից 100 մ հեռավորությունից արդեն ադրբեջանցիները հովիվներին տեսնելիս սկսում են գոռգոռալ, հայհոյել։

«Այն օրն էլ այդպես պահեցին իրենց, լեզվին տվեցին, բայց երբ մոտեցա, փախան»,-հավելեց Արգամ Հովսեփյանը։