Թուրքիայի իշխող կոալիցիայի մաս կազմող «Ազգայնական շարժում» կուսակցությունը հրաժարվել է Շուշիում դպրոց կառուցելու ծրագրից։ Նշենք, որ «Ազգայնական շարժում» կուսակցությանը հարում է «Գորշ գայլեր» աջ ծայրահեղական, ուլտրաազգայնական, նեոֆաշիստական կազմակերպությունը։ Այն տարբեր երկրներում գործունեություն է ծավալում։ Դրա անդամները սպառնալիք են դարձել այդ երկրների համար և նույնիսկ փորձ է արվում կանխարգելել նրանց գործունեությունը։ Հենց այս ծայրահեղական կազմակերպությունն ու «Թուրքական ազգայնական շարժում» կուսակցությունը այս տարվա հունվարին ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող հայկական Շուշի քաղաքում դպրոց կառուցելու մտադրություն էին հայտնել։ Կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին հայտարարել էր, որ այն կրելու է ադրբեջանցի կոմպոզիտոր Ուեզիր Հաջիբեյլիի անունը։ «Համապատասխան վայր կընտրվի Շուշիում դպրոցի կառուցման համար՝ մեր հնագույն մշակութային կենտրոնում և հետո կդրվի նաև հիմքը»,- ասել էր Բահչելին  կուսակցության խմբակցության նիստում։ Բացի այդ, նա նշել էր, որ Շուշիում դպրոց կառուցելու գաղափարը ողջունել են Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահները։ Այս հայտարարությունից հետո փետրվարին Բաքու էր ժամանել «Ազգայնական շարժում» կուսակցության պատվիրակությունը՝ կուսակցության փոխնախագահ Մևլութ Քարաքայանի ղեկավարությամբ, իսկ կազմում էին «Գորշ գայլեր» շարժման ղեկավար Ահմեթ Յըլդըրըմը, ճարտարապետ Յուսուֆ Զիյա Գյունայդընը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել էր պատվիրակությանն ու քննարկել դպրոցի կառուցման հարցը։ Ալիևը շնորհակալություն էր հայտնել նախաձեռնության համար՝ ասելով, որ Շուշիում քաղաքաշինական աշխատանքների ընթացքում հաշվի կառնեն այն։ Ադրբեջանի նախագահը նաև ասել էր, որ հրահանգ կտա՝ դպրոցի շենքի համար հարմար վայր ընտրելու նպատակով։ Թվում էր՝ դպրոցի կառուցման համար խոչընդոտներ չկան, սակայն կիրակի անսպասելիորեն Դևլեթ Բահչելին թվիթերյան գրառումներով հայտարարեց, որ ծրագիրը դադարեցվում է՝ մեղադրանքներ հնչեցնելով ադրբեջանական իշխանությունների հասցեին։ «2021թ․ հունվարի 16-ին սոցիալական ցանցերում հայտարարությամբ խոսեցի Շուշիում «Գորշ գայլերի կրթության ու մշակույթի  հիմանդրամի» աջակցությամբ իննամյա դպրոցի կառուցման մասին։ Այդ նպատակով մենք նաև հրապարակեցինք դպրոցի նախնական պլանը, մտածում էինք նրան տալ Ադրբեջանի հիմնի հեղինակ Ուեզիր Հաջիբեյլիի անունը, որը ծնվել է Շուշիում։ Նախատեսում էինք հունվարի 30-ին հիմքը  դնել։ Սակայն Ադրբեջանի իշխանությունները գտան, որ մեր  ծրագիրը նպատակային չէ, պատրաստեցին նոր նախագիծ։ Իհարկե, դա նրանց իրավունքն է, և մենք դրան հարգանքով ենք վերաբերում։ «Ազգայնական շարժում» կուսակցությունը դպրոցի ծրագրից հենց այդ պատճառով է հրաժարվել։ Իսկ դպրոցի շինարարության համար օգնությունն ու նվիրատվությունները մեր եղբայրների կողմից շուտով կվերադարձվեն»,- գրել էր Բահչելին։

Էմմա Չոբանյան

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/377195.html

© factor.am