44 օրյա պատերազմի ընթացքում Հայաստան եկած արցախցիների կարիքները հոգալու հարցը դարձել էր բոլորիս գերխնդիրը: Այդ օրերին համացանցում ձեւավորվեցին տարբեր խմբեր՝ համախմբելով անհատների, որոնք օրինիբուն կամավոր սկզբունքով ու անշահախնդիր ծառայում էին մեկ նպատակի: Աջակցման միասնական ինֆորմացիոն ալիքը (ԱՄԻԱ) այդ խմբերից մեկն էր: Հազարավոր հետեւորդներ ունեցող այս խմբում հաշված րոպեներում էին լուծվում արցախցիների խնդիրները: Պատերազմի ավարտից հետո խումբը վերածվեց հասարակական կազմակերպության: Եթե պատերազմի օրերին  ԱՄԻԱ-ի կամավորները  արցախցիների համար հագուստ, սնունդ ու այլ կարիքների հայթայթմամբ էին զբաղված, պատերազմից հետո մտածեցին օգնության շատ ավելի լավ տարբերակ:

«Այսինքն, մարդիկ չպետք է սպասեն, որ իրենց ինչ-որ մեկն անընդհատ հագուստ, սնունդ տա, այլ պետք է հասկանան, որ եթե մնում են Հայաստանում, պետք  է նոր կյանք սկսեն, աշխատեն, ստեղծեն, իրենց ընտանիքին պահեն: Ըստ այդմ՝ մեր հասրակական կազմակերպությունը ձեւավորվեց, սկսեցինք կարիքների գնահատումից, անձամբ ես այցելում էի ընտանիքների, հասկանում էի՝ ինչի կարիք ունեն: Կարիքներն արդեն փոխվել են  կես տարվա ընթացքում , մարդիիկ արդեն մտածում են աշխատանք գտնել, բիզնես դնել, որը կաշխատի Հայաստանում : Հիմա արդեն ունենք աշխատող բիզնեսներ, ունենք մի ընտանիք, որտեղ հայրը դարբին է, պատրաստվում ենք հայկական շուկա ներկայացնել նրա պատրաստած մետաղական ծաղկամանները, բայց նորարական ոճով: Ունենք նաեւ մի կին, որը Շուշիում ուսուցչուհի է, իդեալական գործում է, նրա գործած  մոտ 40 տիկնիկ արդեն Կանադա է հասել: Հայկական շուկա կմտցնենք նրա գործած մանկական խալիները: Մի կին ունենք, որը շատ համեղ պատրաստում է, աշխատում է տնից, արդեն պատվերներ է ընդունում, նա հատկապես ճանաչում ունի Ացախի փախլավաներ պատրաստելով »,- Irakanum.am-ին պատմեց հ/կ համայնքային մենեջեր Անժելա Գասպարյանը:

Մեր զրուցակցի խոսքով, առաջիկայում կգործարկեն մի նոր պլատֆորմ, որի  նպատակը սփյուռքի միջոցները Հայաստանին կապելն է. ոչ միայն ֆինանսական միջոցները, այլեւ սփյուռքահայերի  փորձը. «Օրինակ սփյուռքում հաստատ կլինեն հաջողակ հրուշակագործներ, որոնք թրեյնինգներ կանեն մեզ դիմած հրուշակագործների հետ ու իրենց փորձը կփոխանակեն: Արդեն  Բելգիայից ճարտարապետ ունենք, որը  պատրաստ է մեզ հետ աշխատել, այս ծրագրում ներգրավվելու  են նաեւ հայ ուսանողները»:

Irakanum.am