«Փաշինյան-Ալիեւ». սա այս ընտրությունների ամենաիրական, ամենաազդեցիկ ստվերային դաշինքն է։ Այս մասին իր հոդվածում գրում է «Այլընտրանքային նախագծեր» խումբը:

«Ն. Փաշինյանն արդեն մի քանի օր է՝ խոսում է տարբեր լսարանների առաջ, ասում է բաներ, որոնք քաղաքական, հանրային շրջանակները համարում են անհեթեթություններ։

Իրականում նրա անհեթեթությունների «գաղտնիքը» բացվում է, եթե զուգահեռ լսեք Իլհամ Ալիեւին։ Այս մարդիկ ակնհայտորեն զույգով են աշխատում։ Այս մարդիկ ՀՀ ընտրություններին մասնակցում են չարձանագրված դաշինքով։

Մի քանի օրինակ.

Փաշինյանը խոսում է սարերում զինվոր չպահելու, սեփական տարածքից զորքերը հետ քաշելու պատրաստակամության մասին…

Նույն պահին Ալիեւը բառացի ասում է հետեւյալը.

«Նրանք (Հայաստանը) բացեիբաց ընդունում են, որ ի վիճակի չեն պաշտպանել սեփական պետությունը, սեփական սահմանները»։

Փաշինյանը խոսում է 30 տարվա տապալումների մասին՝ իր բոլոր տապալումները բարդելով նախորդ 30 տարվա վրա։

Ալիեւն արձագանքում է.

«30 տարվա ընթացքում հայերը չկարողացան պետություն կառուցել. հետեւաբար այդ ժողովուրդը ի վիճակի չէ պետություն ունենալ։ Այդ ժողովուրդը կարող է գոյատեւել միայն այլ պետությունների կազմում»։

Փաշինյանը ասում է, եթե մենք ուզում ենք Ադրբեջանի տարածքով բեռներ փոխադրել, ինչո՞ւ նրանք չեն կարող նույնը անել Հայաստանի տարածքով։

Ալիեւը նույն օրը արձագանքում է.

«Պատերազմից հետո մենք աշխատում ենք Զանգեզուրի միջանցքի ուղղությամբ։ Սկզբում հայկական կողմը դիմադրում էր, բայց վերջերս ինձ տեղյակ են պահում, որ հայկական կողմն արդեն ճիշտ է վերլուծում հարցերը՝ այդ միջանցքի անխուսափելիության պահով։ Եվ ինչպես գիտեք, դա հիմա քննարկվում է եռակողմ ձեւաչափով»։

Փաշինյանն ասում է ՝ ես հպարտ եմ մեր պարտությամբ։

Ալիեւը բառացի ասում է՝ «Մենք Հայաստանի համար այսքան հնարավորություններ ենք ստեղծել, իսկ Հայաստանը մեզ նույնիսկ շնորհակալություն չի հայտնում»։

Այսօր շատերը հակված են Փաշինյանի ասածներին վերաբերվել հեգնանքով՝ դարձնելով ժողովրդական հումորի առարկա, սակայն թվացյալ խեղկատակությունների հետեւում պարզ երեւում են պայմանավորվածությունների թելերը, որոնք անշեղորեն կատարում է Ալիեւի հայաստանյան դաշնակիցը։ Ամեն վայրկյան հիշել է պետք՝ սրանք ընտրություններին մասնակցում են զույգով»։