ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 27-ին Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում էր։ Նույն օրը պարզ էր դարձել, որ սահմանային հատվածում ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով, Փաշինյանը Կութ գյուղ էր շտապել ոչ թե իրավիճակին տեղում ծանոթանալու ու լուծումներ գտնելու, բնակիչների գոտեպնդելու համար, այլ հանդիպելու գերեվարվածների հարազատներին։

Փաշինյանը փորձել է կանխել վերջիններից կողմից հնարավոր բողոքի ակցիաները: Երաշխավորել է, որ սեղմ ժամկետներում պահեստազորայինները վերադառնալու են, նշել, թե աղմուկ բարձրացնել պետք չէ, հանրայնացումը կխանգարի գործընթացին։ Չնայած խոստումներին՝ արդեն անցել է չորս օր, իսկ գերեվարված զինծառայողների վերադարձի քայլերի մասին հստակ չի հաղորդվել։

Փաշինյանը կոչ է արել զինծառայողների հարազատներին նաև կապի դուրս չգալ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։

Ծնողներն այժմ երկընտրանքի առաջ են կանգնել՝ գերեվարված զավակների վերադարձի հարցում տեսանելի քայլեր չեն արվում ու չգիտեն ում բողոքեն կամ՞ բողոքեն, թե ոչ։

Գերեվարված պահեստազորայինների հարազատների հետ հանդիպման մասին պաշտոնական տեղեկատվություն չհրապարակվեց, փոխարենը տեսանյութ տարածեցին, թե իբրև Փաշինյանը զրուցում է բնակիչների հետ ու կոչ անում համախմբվել։ Բայց տեսանյութում նաեւ լսելի էր Փաշինյանի խոսքը, երբ ասում է, որ խորհրդակցությունից հետո հարազատների հետ երկու բառ կխոսեն։

Հիշեցնենք, որ մայիսի 27-ի վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։ Այնուհետև հրապարակվեց պայմանագրային զինծառայողների անունները՝ Ա. Ն. Աբգարյանը, Ի. Ա. Սարգսյանը, Վ. Վ. Սարգսյանը, Բ. Ս. Օհանյանը, Ա. Գ. Բուդոյանը, Վ. Օ. Ռաֆայելյանը։