«Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հայտարարություն է տարածել։

«Ինչպես զգուշացնում էինք` սկսվեցին անհասկանալի ծագման և իշխանական լրատվամիջոցներով որոշակի նյութերի հրապարակում ուղղված «Հայաստան» դաշինքի վարկաբեկմանը:

Ավելին` ստացվում են նաև տեղեկություններ, որ նույնիսկ որոշ անձինք ներկայանալով իբր «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներ` գումարային առաջարկներ են անում:

Մեկ անգամ ևս պաշտոնապես հայտարարում եմ, որ նմանատիպ որևէ երևույթ կամ արարք առնչություն չունի «Հայաստան» դաշինքի հետ։ Վստահեցնում եմ՝ խիստ հետևողական ենք լինելու, որ սադրիչները և իրենց կազմակերպիչները պատժվեն օրենքի ողջ խստությամբ:

Այս ամենով փորձ է արվում ստեղծել շինծու, կեղծ հիմքեր «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբերի օրինական գործունեությունը խոչընդոտելու համար: Վերահաստատում եմ նախորդ վստահեցումս, որ նմանատիպ ցանկացած փորձին հաջորդելու են իրավական կոշտ մեխանիզմների գործադրում:

Հրավիրում ենք միջազգային դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների ուշադրությունը», — ասված է հայտարարությունում։