Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ այսօր՝ մայիսի 31-ին, պարտավորեցրել է վերացնել ԲԴԽ նախագահ (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) Ռուբեն Վարդազարյանի իրավունքների եւ օրինական շահերի խախտումը։

Ինչպես հայտնում է News.am-ը` վկայակոչելով փաստաբան Հովհաննես Խուդոյանին, դատարանն արձանագրել է՝ վարույթ իրականացնող մարմինը պարտավոր էր հաղթահարել Ռուբեն Վարդազարյանի գործառութային անձեռնմխելիությունը, ինչը չի կատարվել։

Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդազարյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 332-րդ հոդվածի 3-րդ մասի (պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանը խոչընդոտելու) հատկանիշներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։

Վարդազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ առանց նրա անձեռնմխելիության հաղթահարման՝ նախկին դատավոր, ԱԱԾ տնօրենի նորանշանակ տեղակալ Անդրանիկ Սիմոնյանի հաղորդման հիման վրա։