«Ես հպարտ եմ, այո՛, մենք պարտվել ենք և այդ պարտության պատասխանատվությունը մերն է, բայց այդ պարտության ընթացքում մենք պահել ենք կարևորը՝ ձեր աչքերի մեջ նայելու իրավունքը», վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի երեկվա այս հայտարարությունը, շատերի մեջ մի հարց է առաջացրել՝ ինչով է հպարտանում Փաշինյանը՝ 5000-ի հասնող զոհերո՞վ, հարյուրավոր անհետ կորածներո՞վ, տարածքների կորստո՞վ, թե՞ հարյուրավոր վիրավորներով:

44 օրյա պատերազմում որդուն կորցրած Գեղամ Նազարյանի կարծիքով, վարչապետի պաշտոնակատարի այդ հայտարարությունը դուրս է քաղաքագիտությունից:

«Կամ իր այդ հայտարարությամբ ինքը դիմել էր ոչ թե հայ ժողովրդին, այլ՝ ադրբեջանցիներին, կամ էլ նրանով արդեն հոգեբույժները պետք է զբաղվեն, ուրիշ բացատրություն չունեմ: Ոչ մի տրամաբանության մեջ չտեղավորվող հայտարություն է արել, կա մի գիծ, որն ինքն արդեն անցել է, ու միայն հոգեբույժները պետք է բացատրեն՝ ինչու նա այդպիսի հայտարարություն արեց, ում էր ուղղված այդ հայտարարությունը»,- Irakanum.am-ին ասաց Գեղամ Նազարյանը:

Մեր զրուցակիցը մեջբերեց երեկ Փաշինյանի՝ facebook-ում արած գրառումը, որտեղ նշել էր, թե զեկուցում եմ՝ Վանաձոր տանող որակյալ ճանապարհի հարցը լուծված է ու նկատեց. «Մարդ արդեն անհանգստանում է, ինքը ում է տեղեկացնում, որ Վանաձորի ճանապարն այդ վիճակում է, Թուրքիայի՞ն, Ադրբեջանի՞ն: Պետք  է դիմանալ եւս մի քանի օր, մինչեւ այս մարդու կեղտոտ ժամանակաշրջանն ավարտվի»:

Նիկոլ Փաշինյանը երեկ նաեւ հպարտացել էր իրեն լսելու գնացող շատ քաղաքացիներով, նա ասել էր՝ Եթե մենք դավաճան ենք, ապա էսքան ժողովուրդն ի՞նչ գործ ունի, գա, մեր ասածը լսի, մեր զրուցակցի համոզմամբ, Փաշինյանին լսելու գնացողները. «ցիրկ նայելու են գնում»:

Irakanum.am