2021թ. մայիսի 18-ին ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն է դիմել Միհրան Սուրենի Պողոսյանի (ծնված 29.05.1976թ.) լիազորված անձ Նորայր Հարությունյանը՝ Միհրան Պողոսյանին վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու եւ վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանք (այսուհետ՝ տեղեկանք) ստանալու խնդրով: Դիմումին կից ներկայացրել է Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարանի 11.07.2020թ. թիվ 1360-ОД հրամանը՝ Միհրան Պողոսյանին նշված համալսարանում առկա ուսուցմամբ մագիստրատուրայի առաջին կուրս ընդունելու մասին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանությունից:

«ՀՀ ընտրական օրենսգիրք» Սահմանադրական օրենքի 80-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվել է, որ քաղաքացին վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող չի համարվում, եթե լիազոր մարմնին դիմում տալու օրվան նախորդող 1.461 օրերի ընթացքում նա առնվազն 731 օր բացակայել է Հայաստանի Հանրապետությունից: Նույն նորմով սահմանվել է Հայաստանի Հանրապետությունից բացակայությունը հարգելի համարելու երկու հիմք, որոնցից է՝ արտերկրում բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառությունը։ Ներկայացրած փաստաթղթերով նշված ժամկետի հաշվանցմամբ Միհրան Պողոսյանը դիմում տալու օրվան նախորդող 1.461 օրերից 753 օր բացակայել է Հայաստանի Հանրապետությունից, այսինքն՝ օրենքով սահմանված ժամկետը գերազանցվել է 22 օրով եւ նրան մերժվել է տեղեկանք տրամադրել։

2021թ. մայիսի 20-ին ՀՀ ԱՎ վարչությունում ստացվել է Միհրան Պողոսյանի լիազորված անձի երկրորդ դիմումը՝ տեղեկանք տրամադրելու հարցը կրկին քննարկելու խնդրանքով եւ ի հավելումն նախորդ փաստաթղթի ներկայացվել է Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարանի 15.01.2020թ. թիվ 0089- ОД հրամանը՝ 2020թ. հունվարի 25-ից մայիսի 31-ը Միհրան Պողոսյանին նշված համալսարանում նախապատրաստական դասընթացների ընդգրկելու մասին։

Ներկայացված հրամանների եւ տեղեկանքների իսկությունը պարզելու նպատակով 22.05.2021թ. հարցում է կատարվել Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարան:

Մինչ հարցման պատասխանը ստանալը, Միհրան Պողոսյանի լիազորված անձը հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ տեղեկանքը տրամադրելուն պարտավորեցնելու պահանջով։

2021թ. մայիսի 25-ին դատարանն իր որոշման հիմքում դնելով նաեւ Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարանի՝ Միհրան Պողոսյանին նախապատրաստական դասընթացների ընդգրկելու մասին հրամանը բավարարել է հայցը, ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությանը պարտավորեցրել է տրամադրելու տեղեկանքը: Դատարանի վճիռը եղել է վերջնական, առանց բողոքարկման իրավունքի։ Ի կատարումն դատարանի վճռի՝ 25.05.2021թ. Միհրան Պողոսյանին տրվել է հայցվող տեղեկանքը:

Այնուհետեւ 26.05.2021թ. ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունում ստացվել է Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարանի պատասխան գրությունը, որով նշվել է, որ Միհրան Պողոսյանը նախապատրաստական դասընթացների չի ընդգրկվել, ինչպես եւ հերքվել է Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարանի կողմից 15.01.2020թ. թիվ 0089- ОД հրամանն արձակելու եւ 21.05.2021թ. թիվ 1427 տեղեկանքը տրամադրելու փաստը։

ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին որպես պատգամավորի թեկնածու Միհրան Պողոսյանի գրանցումն առկախելու նպատակով նշված հանգամանքի վերաբերյալ անմիջապես տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով, ծանուցվել է նաեւ Միհրան Պողոսյանի ներկայացուցիչը:

Վերջինս նույն օրը ԱՎ վարչություն է մուտքագրել երրորդ դիմումը եւ ներկայացրել Բելգորոդի պետական ազգային հետազոտությունների ինստիտուտից տրված տեղեկանք առ այն, որ Միհրան Պողոսյանը 15.01.2020-31-05.2020թթ. ընդգրկված է եղել նշված հաստատությունում կազմակերպված «Մարդկային կապիտալի կառավարում» ծրագրով նախապատրաստական դասընթացներին: Վերոնշյալ տեղեկանքի իսկությունը ստուգելու նպատակով հարցում է կատարվել Բելգորոդի պետական ազգային հետազոտությունների ինստիտուտ։ 2021թ. մայիսի 30-ի դրությամբ նշված հարցման պատասխանը դեռեւս չի ստացվել, ուստի օրենքով սահմանված եռօրյա ժամկետը լրանալու հանգամանքով պայմանավորված՝ Միհրան Պողոսյանին տրվել է նոր տեղեկանք: