«Ի՞նչ է նշանակում հարազատների խնդրանքով տեղափոխում ենք այլ տեղ՝ ի՞նչն են տեղափոխում։ Ինչո՞ւ մարմինները չեն հանձնում հարազատներին, եթե հարազատները հայտնի են».- «Փաստինֆո»-ի հետ զրույցում «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության համակարգող, 44-օրյա պատերազմում անմահացած Աբգար Նազարյանի հայրը՝ Գեղամ Նազարյանը՝ անդրադառնալով ԱՆ-ի կողմից հաստատված տեղեկությանը, որ զինվորների մասունքներ և դիակներ պահվել են Աբովյանի դատաբժշկական կենտրոնում նկուղային հարկում եւ տեղափոխվել հարազատների խնդրանքով։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր տելեգրամյան ալիքները տարածել էին, որ Աբովյանի տուբերկուլյոզի հիվանդանոցի դիահերձարանի հատակին այս պահին հարյուրավոր զինվորների մարմիններ են պահվում՝ պոլիէթիլենային տոպրակների մեջ փաթաթած: Ծնողները փորձել են մուտք գործել դիահերձարան, բայց ոստիկանները շրջափակել են մուտքը՝ ստելով, թե այնտեղ զինվորների մարմիններ չկան:

Քիչ անց՝ ՀՀ առողջապահության նախարարությունը հաստատել է, որ իրոք զինվորներին մարմիններ են պահվել, որ Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» մասնաճյուղում։

ԱՆ պաշտոնապես հայտնում է, որ Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» մասնաճյուղում փորձաքննված և նույնականացված մի քանի մասունքներ ու դիակներ, որոնք ժամանակավորապես պահվել են կենտրոնի ջերմամեկուսիչ պատերով նկուղային հարկում, հարազատները այլ վայր տեղափոխելու ցանկություն են հայտնել:

«Չնայած այն հանգամանքին, որ մասունքների տեղաշարժը նպատակահարմար չէ և դրանց պահման ներկա պայմանները համապատասխանում են մասնագիտական պահանջներին, այնուամենայնիվ, որոշել ենք ընդառաջել ծնողների ցանկությունն ու տեղափոխել այլ դատաբժշկական կենտրոնի սառնարանային հատված` զերծ պահելով հարազատներին լրացուցիչ ցնցումներից: Եվս մեկ անգամ նշում ենք, որ մասունքներն անցել են համապատասխան նույնականացում և սպասում են, որ հարազատները վերցնեն’ հուղարկավորելու համար ԱՆ կողմից կկազմվի աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» աշխատանքների կազմակերպման հետ կապված հարցերը քննելու համար»,- ասված էր նախարարության հայտարարությունում։

Նազարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հարցրեց՝ ինչո՞ւ զինծառայողների մարմինները մինչև այսօր չեն ամփոփվել մայր հողում։

«Եթե այդ մասունքների հարազատները հայտնի են, ինչո՞ւ չեն տալիս, որ ամփոփվեն հողում՝ ծեսով, կարգով։ Ի՞նչն է պատճառը, որ պահվում են այնտեղ։ Եթե հայտնի չէ հարազատը, ապա ո՞ւմ պահանջով են տեղափոխությունը կատարելու։ Ինչո՞ւ են այդ մարմինները գտնվում այդտեղ և տեղափոխվելու են, ոչ թե ամփոփվելու մայր հողում»։

Դիտարկմանը, որ Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ մարմիններն ու մասունքները ժամանակավոր են պահվել նկուղում, Նազարյանը նկատեց, որ նախարարությունը ժամանակի մասին հստակ չի նշում, խնդիրն այն է՝ ինչու նույնականացված մարմինները հարազատներին չեն տվել։

«Ժամանակավորապեսը կես տարի՞ է։ Ես չգիտեմ ինչքան է։ Հիմա ասում են հարազատների պահանջով տեղափոխում ենք այլ վայր՝ ում հարազատների պահանջով։ Եթե հարազատները հայտնի են՝ տվեք մարմինները հարազատներին»։

Նազարյանը կոչ է արել թեման չշահարկել, հատկապես ընտրությունների հետ չկապել։ Համապատասխան մարմիններին ևս կոչ է անում հնարավորին չափ հարգանքով վերաբերվել հերոս տղաների մասունքներին։

«Հետո, երբ պարզվի, որ դա դիտավորություն է եղել, ինչ-որ մեկի վատ արարքն է եղել, ամեն մեկը իր պատասխանը կտա՝ ամեն ինչի համար։ Ուղղակի կոչ եմ անում հարգանքով վերաբերվել հերոս տղաների մասունքներին և հանկարծ կեղտոտ որևէ խաղի մեջ չներքաշել հերոս տղաների մարմինները, մասունքները»,- ասաց Նազարյանը։