Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի՝ Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կայացած առաջին մարզմանը մասնակցել են 22 ֆուտբոլիստներ: Վարազդատ Հարոյանը նույնպես միացել էր թիմին, սակայն ղազախական «Աստանայի» կազմում ստացած վնասվածքի պատճառով բաց է թողել մարզումը: Հարոյանի մասնակցությունը Խորվաթիայի հավաքականի դեմ հանդիպմանն հարցականի տակ է: Ամեն ինչ պարզ կդառնա մայիսի 31-ին՝ բուժզննումից հետո, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Հաշվի առնելով հավաքականին միացած ֆուտբոլիստների տարբեր մարզավիճակները՝ հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոն տարբեր առաջադրանքներ էր տվել մի շարք խաղացողների: Հայաստանի Պրեմիեր լիգայի վերջին տուրին մասնակցած, ինչպես նաև մայիսի 28-29-ին իրենց առաջնություններում հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստները մարզվում էին ավելի թեթև՝ խնայողական ռեժիմով: Մնացած ֆուտբոլիստները մարզվում էին սովորական ռեժիմով:

Մայիսի 31-ին Հայաստանի հավաքականը կանցկացնի նախախաղային մարզում Վելիկա Գորիցայի Քաղաքային ստադիոնում:

Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Խոակին Կապառոսի գլխավորած թիմը խորվաթական Վելիկա Գորիցա քաղաքում ընկերական հանդիպում կանցկացնի աշխարհի գործող փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականի հետ, իսկ հունիսի 5-ին Ստոկհոլմի «Ֆրենդս Արենա» ստադիոնում կմրցի Շվեդիայի հավաքականի հետ: