Քանի դեռ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները չեն լքել Հայաստանի տարածքը, սահմանի սահմանազատման հետ կապված որեւէ գործընթացների մասին խոսք լինել չի կարող: Այս մասին մայիսի 31-ին Հայաստանի Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլը» իշխող դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Նրա կարծիքով՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ սահմանում իրավիճակի դեէսկալացման պլանը դրական արձագանք է գտել մի շարք պետություններում, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներում:

«Հիմա պետք է սպասել Բաքվի արձագանքին: Նախքան իր նախաձեռնությունը հրապարակելը Փաշինյանն այն քննարկել է իրավասու մարմինների հետ եւ առարկություններ չի ստացել », — ասաց Մակունցը:

Ինչ վերաբերում է Սոթք-Խոզնավար հատվածում դիտորդների տեղակայմանը, ըստ պատգամավորի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, ըստ էության, իրենց մասնագետներին ուղարկելու պատրաստակամության արտահայտությունն է: Սակայն դիտորդների հարցի վերաբերյալ որեւէ կոնկրետ քննարկում, ինչպես նշեց Մակունցը, չի անցկացվել, քանի որ պաշտոնական Բաքուն դեռ չի արտահայտել իր դիրքորոշումը:

«Հայկական կողմն առավելագույն ջանքեր է գործադրում իրավիճակի վերահսկման համար»,- ասաց պատգամավորը: