Մայիսի 30-ի առավոտյան թշնամու զինծառայողները Տեղ համայնքի հայ հովիվներից պահանջել են, որ անասուններին չարածացնեն Հայաստանի պետական տարածքում և սպառնացել են նրանց: Տեղեկությունը «Սպուտնիկ Արմենիային» հայտնել է Տեղ խոշորացված համայնքի ղեկավար Ներսես Շադունցը։

Նրա խոսքով` հովիվների դիմադրության արդյունքում միջադեպը հարթվել է, բայց ոչ մի երաշխիք չկա, որ նման դեպքերը չեն կկրկնվի։

«Այդպիսի դեպքեր լինելու են, եղել են ու կլինեն։ Պետք է խելքներս գլուխներս հավաքենք, մեր բանակը զինենք»,-ասել է նա։

Շադունցի խոսքով` փոքր միջադեպերը չհաշված` այս պահի դրությամբ համայնքում ընդհանուր առմամբ հանգիստ է, բայց ամեն պահի իրավիճակը կարող է կտրուկ փոխվել։ Պետք է շատ աշխատել, զգոնությունը բարձր պահել։

«Գիշերը գյուղի տղաները գնում են հերթապահության։ Փորձում ենք օգտակար լինել։ Ուզում ենք այնպես անել, որ ժողովուրդը գիշերները հանգիստ քնի։ էն, որ ասում էին` զենք չունենք, զինեք մեզ, զինել ենք»,- նշել է Շադունցը։