«Փակ դահլիճներում հանդիպումներով, այն էլ գաղտագողի, եթե գրագետ արտահայտություններով ասեմ, քավոր Պետրոսի վարքագծին բնորոշ դրսեւորումներ տեսնում ենք միայն Նիկոլ Փաշինյանի մոտ, կարծես թե, այն ամեն ինչից հետո, որ տեսել ենք, մի հատ էլ թուրքական համեմունքներով բառեր օգտագործելը ուղղակի խոսում է իր մարդկային կերպարի մասին, որը մեր հանրությունը, մեր քույրերն ու եղբայրներն ավելի քան հստակ ընկալել են ու գիտեն»,- Irakanum.am-ին ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանին վերաբերող Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հունիսի 18-ին Լևոն Տեր-Պետրոսյանին և Ռոբերտ Քոչարյանին հրավիրում է ուղիղ բանավեճի և այդ ժամանակ ամեն ինչ լավ կերևա: Ըստ նրա՝ փակ դահլիճներում հեշտ է տղամարդլամիշ լինելը: «Կգաք, դեմ դիմաց կկանգնենք ու կխոսենք և բացատրություն կտաք, թե 97 թվին ինչի է Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս թողել»,– ասել էր Փաշինյանը:
Արամ Վարդեւանյանի խոսքով. «Եթե մարդը Երեւանում, նույնիսկ տեղեկություններ ունեմ, որ շտաբերի դռներն են փակ եղել, նման պայմաններում հանդիպումներ է ունենում, չպետք է ուրիշի մասին կարծիք հայտնի, առավել եւս՝ պատերազմում խայտառակ կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրողը հողերը ազատագրողի մասին»:

Ինչ վերաբերում է բանավեճի հրավերին՝ Վարդեւանյանն ասաց՝ նշած միտքն արտահայտվել է Փաշինյանի կողմից, ինքը իմաստ չի գտնում որեւէ բան ասել:

Irakanum.am