Նախընտրական շտաբերի և տեղում մարդկանց միասնական դաշտային աշխատանքի շնորհիվ մենք կկարողանանք հասնել ցանկալի արդյունքի:  այս մասին այսօր՝ մայիսի 30-ին, Արարատի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող, Ռոբերտ Քոչարյանը։

«Պետք է փորձենք որակյալ աշխատանք տանել յուրաքանչյուրս մեր մասով, մենք՝ շտաբերում, դուք՝ այստեղ, տեղում։ Մենք գիտենք՝ որքան բարդ աշխատանք է դաշտային աշխատանքը։ Ընտրական գործընթացի այս երկու թևերի արդյունավետ աշխատելու դեպքում մենք կունենանք այն արդյունքը, որն ուզում ենք։ Այս իշխանությանը մնացել է 22 օր», — ասաց նախագահ Քոչարյանը՝ հավելելով, որ դաշինքի՝ տարբեր մարզերում ունեցած հանդիպումները նոր լիցք ու ուժ են հաղորդում։

«Սա պայքար է։ Յուրաքանչյուր մարտից առաջ, երբ զինվորի աչքերին նայում էինք, հասկանում էինք՝ հաղթելո՞ւ ենք, թե՝ ոչ։ Նույնն այս պայքարում է։ Մարդկանց աչքերից երևում է, թե ինչ վճռականությամբ են նրանք լցված, ինչ համոզմունքներով են գնում պայքարի»,- հավելեց Ռոբերտ Քոչարյանը։

Հանդիպման ժամանակ հնչեցին մի շարք հարցեր՝ կապված կրթական համակարգի, ոռոգման ջրերի, հանրության բարոյահոգեբանական վիճակի, պատերազմի հետևանքով Արցախից փախստական դարձածների սոցիալական խնդիրների վերաբերյալ։