Ռուսաստանի եւ Բելառուսի մերձեցումը սպառնում է Ուկրաինայի ազգային անվտանգությանը: Նման կարծիք է հայտնել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան, գրել է ՌԻԱ Նովոստի-ն:

«Բելառուսի հետագա մերձեցումը Ռուսաստանի հետ սպառնալիք է ներկայացնում. Ռուսաստանն օգտագործում է Բելառուսը մեր պետության դեմ ագրեսիան մեծացնելու համար», — ասել է նախարարը: Կուլեբան հավելել է, որ որոշումներ կայացնելիս պաշտոնական Կիեւը պետք է հաշվի առնի այդ սպառնալիքը:

Հիշեցնենք, որ Ուկրաինան մայիսի 26-ից դադարեցրել է օդային հաղորդակցությունը Բելառուսի հետ Մինսկում Ryanair ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռի արտակարգ վայրէջքի միջադեպից հետո: Ուկրաինական ավիաընկերություններին եւ ինքնաթիռներին արգելվել է թռչել Բելառուսի օդային տարածքով: Բելառուսի դեսպանությունը երեքշաբթի բողոքի նոտա է հղել Ուկրաինայի արտգործնախարարությանը եւ Կիեւի որոշումը համարել «քաղաքական», անհեթեթ եւ անհիմն: