Մեր կոնցեպտը լինելու է աշխատող պետությունը։ Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, վանաձորցիների եւ «Հայաստան» դաշինքի ակտիվի հետ հանդիպմանն ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը։

«Եթե մարդը չի աշխատում երկար  տարիներ, գործազուրկ է, տանն է, հատկապես տղամարդու համար, նաեւ ընտանիքի ինստիտուտն է դեգրադանում, որովհետեւ տղամարդը վերջը տուն պահողն է, ինքը մի տեղ պետք է աշխատի, գումար վաստակի, իր նկատմամբ հարգանքը, որն ընտանիքի հենասյունն է, քայքայվում է։ Նայում եմ գործազրկության այսօրվա մակարդակին որպես մի չարիք, որը քայքայում է մեր ինքնությունը, մեր ընտանիքի ինստիտուտը, որի վրա հենված է պետությունը։ Հայրս այդպիսին էր, ես այդպես եմ սովորել, որ  առավոտյան տղամարդը պետք է գնա աշխատանքի, երեկոյան գա։ Այնքան աշխատատեղ պետք է ստեղծվի, որ մենք ուղղակի էստի համեցեք անելով, մարդկանց փնտրենք՝ գան աշխատանքի»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը։

Քաղաքացիներից մեկն անդրադարձել է զոհված զինծառայողների, հաշմանդամություն ձեռք բերած ընտանիքների սոցիալական վիճակին։  Քաղաքացու այն դիտարկմանը, որ պետությունը պետք է մտածի այդ ընտանիքների մասին, երկրորդ նախագահն արձագանքել է.

«Մեր ծրագրում մենք առաջարկ ենք ունենալու։ Պետք է լինի մի պետական մարմին, որի սուրբ պարտականությունը պետք է լինի այդ ընտանիքներով զբաղվելը։ Ոչ թե հիմնական բեռը դնել տարբեր բարեգործական կազմակերպությունների վրա, մեր մոտ վատ են սովորել։ Լավ է, եթե կա բարեգործական միջամտություն, բայց այդ աշխատանքի ողնաշարը պետք է կատարի պետությունը։ Ի վերջո պետությունն այդ մարդկանց մոբիլիզացրել ու ուղարկել է պատերազմ, պետությունն ուղղակի պատասխանատվություն է կրում, թե այդ մարդիկ ոնց են ապրում, ինչ վիճակում են»։