«Արցախյան վերջին՝ 44 օրյա պատերազմի ընթացքում որպես պայմանագրային զինծառայող, եղել եմ Քարվաճառի «Շղթա» թևում։ 21-րդ դարում, արդեն Արցախում, մենք մեր աչքով ականատես եղանք նոր՝ 1915 թվականի, մի նոր ցեղասպանության։ Կապիտուլացիոն ակտի ստորագրումից հետո դիրքերում էինք՝ լեռներում։ Ոչնչից տեղյակ չէինք, միայն վերևից տեսնում էինք, թե ոնց է Արցախի ժողովուրդը մեքենաների անվերջանալի շարասյունով լքում երկիրը։

Այս իշխանությունները կոտրեցին մեր բանակն ու հայ զինվորականի մեջքը։ Ես իսկապես չէի պատկերացնում, որ մեր օրերում ու մեր հայրենիքում «յան» ազգանունով ներքին թուրքեր կան։ Փաշինյանը, որի անունը նույնիսկ չեմ էլ ուզում տալ, այդ ներքին թուրքերից մեկն է»,- ասում է նախկին պայմանագրային զինծառայող, այժմ արդեն կամավորագրված ազատամարտիկ Ռուբեն Յայլոյանը, ով ականատես լինելով հրամկազմի աննախադեպ դավաճանության ու դասալքության դեպքերի, ինքնակամ հրաժարվել է պայմանագրային զինծառայողի իր կարգավիճակից և կամավորագրվել՝ արդեն Սյունիքում տեղի ունեցող զարգացումներին մասնակցելու համար։

«Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում նախկին պայմանագրային զինծառայողը պատմում է՝ Արցախի հանձնումից հետո, օրվա իշխանությունն արդեն անցել է Սյունիքի հանձնման դավաճանական ակտին, սակայն, ի տարբերություն Արցախի, այստեղ, ըստ վերջինիս, իշխանությունն այս անգամ այլ ձեռագիր է որդեգրել.«Ինչպես տեսնում եք, Սյունիքում, Գեղարքունիքում կամ Տավուշում պատերազմական գործողություններ, ըստ էության, տեղի չեն ունենում։ Ինչո՞ւ, որովհետև Փաշինյանը Սյունիքը հանձնելու լավ ձև է գտել՝ այն մետր -մետր նվիրում է թուրքերին։ ՄՈԲ-ին զինաթափել ու հեռացրել են Սյունիքից։ Ինչ տեսակի կինո ասես, որ չսարքեցին ՄՈԲ-ի գլխին՝ էլ տեռորիստ հանեցին մեզ, էլ ապօրինի զինված ահաբեկիչներ։

Եվ այս ամենը նրա համար, որ իրապես պայքարող մասսային դուրս բերեն այնտեղից ու թողնեն նրանց, ովքեր, երբ թուրքը գալիս մտնում է Սյունիք ու ասում է սա մեր հողն է, խելոք հետ են քաշվում ու բարենպաստ դիրքերը զիջում թշնամուն։ Ահա, թե ինչպես է հանձնվում Սյունիքը»,- պատմում է կամավորական Ռուբեն Յայլոյանը։

«Փաստինֆո»-ի հետ այսօր տեղի ունեցած զրույցի ընթացքում Ռուբեն Յայլոյանը հեռախոսակապ հաստատեց նաև Գեղարքունիքի մարզի այն ռազմական դիրք, որտեղից մի քանի մետր հեռավորության վրա այսօր տեղի է ունեցել ադրբեջանական զինված ուժերի կողմից 6 հայ զինծառայողների գերեվարման միջադեպը։ Տեղում ծառայություն իրականացնող զինվորականը պատմեց՝ ի՞նչ է տեղի ունեցել իրականում, ինչպե՞ս և ի՞նչ պայմաններում են իրենք շարունակում զինվորական ծառայությունը խիստ լարված Գեղարքունիքի մարզում։