Ստեղծված իրավիճակը թույլ չի տալիս Հայաստանում ընտրություններ անցկացնել: Այս մասին «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության եւ «Ժողովրդի ձայն» փորձագիտական ակումբի կազմակերպած երեւանյան քննարկման ժամանակ հայտարարել է «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը:

Կուսակցության ղեկավարը բոլորին կոչ է արել համախմբվել ազգային գաղափարների շուրջ:

«Հայաստանը շատ լուրջ ճգնաժամի ճիրաններում է, որը կապված է ինչպես ներքաղաքական օրակարգի, այնպես էլ տարածաշրջանում և ՀՀ սահմանների ներկա իրավիճակի հետ: Բացի դրանից՝ քաղաքական ուժերը չափազանց քիչ ժամանակ ունեն իրենց ծրագրերը պատշաճ ներկայացնելու համար: Ցանկացած քաղաքական ուժի նպատակը իշխանության գալն է, բայց քանի որ երկիրը գտնվում է բացառիկ իրավիճակում, իսկ ժամանակը քիչ է, մեր կուսակցությունը որոշել է չմասնակցել ընտրություններին՝ վստահ լինելով, որ հասարակությունը ճիշտ որոշում կկայացնի»,- ընդգծեց Արման Ղուկասյանը՝ տեղեկացնելով, որ կուսակցությունն ակտիվորեն պատրաստվում է քաղաքական հաջորդ գործընթացին: