Հայ ազգի յուրաքանչյուր զավակ պետք է լինի հայրենիքի նվիրյալ խենթը, միասնական ջանքերով պետք է երկրի սահմաններից հեռու վանել բոլոր վտանգներն ու փորձությունները, որոնք սպառնում են հայկական ինքնությանն ու պետականությանը: Այս մասին Սարդարապատում՝ լրագրողների հետ զրույցում մայիսի 28-ին հայտարարեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

«Ամեն տարի Հանրապետության տոնի այս նվիրական օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության հետ գալիս ենք նվիրական այս վայրը՝ Սարդարապատի հուշահամալիր, մեր աղոթքն առ Աստված բարձրացնելու, մեր հայրենիքի և մեր ժողովրդի ապահով, խաղաղ և անվտանգ կյանքի համար»,- նշեց նա:

Կաթողիկոսն ասաց, որ այսօր ևս աղոթք են բարձրացրել՝ խնդրելով, որ Տիրոջ օրհնությունը հովանի լինի ազգի, հայրենիքի վրա, պահի, պաշտպանի ժողովրդին բոլոր փորձություններից:

«Դժվարին ժամանակներ ենք ապրում: Մեր մաղթանքն է, որ մեր ժողովուրդն իր կյանքն ապրի Սարդարապատի խորհրդին ունկնդիր, ոգեշնչվի, քաջալերվի Սարդարապատի խորհրդով: Այսօրվա մեր պատգամն է, որ ազգի յուրաքանչյուր զավակ լինի հայրենիքի նվիրյալ խենթը և հայրենիքի սիրով միաբանված մեկ կամք, մեկ բռունցք դարձած՝ լծվենք մեր հայրենիքի զորության կերտմանը, մեր ժողովրդի բարօր կյանքի կերտմանը»,- հայտարարեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ չցանկանալով պատասխանել օրվա խորհրդից դուրս քաղաքական հարցերի: