Վարչական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Անի Հարությունյանի, բավարարել է հատուկ հանձնարարականներով նախկին դեսպան Լյովա Սարգսյանի հայցադիմումն ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի։

Հիշեցնենք, որ երկու տարի առաջ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը «նախազգուշացում» վարչական տույժ է նշանակել հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Լյովա Սարգսյանի նկատմամբ: Հայտարարագրերի էլեկտրոնային ռեեստրի տվյալների ուսումնասիրության արդյունքներով հանձնաժողովը պարզել է, որ Լյովա Սարգսյանի 2018թ. պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների, փոխկապակցված անձանց հայտարարագրերը հանձնված և հրապարակված հայտարարագրերի ցանկում չկան: Հարուցվել է վարչական վարույթ, ապա Լյովա Սարգսյանի նկատմամբ վարչական տույժ է կիրառվել։

2019 թվականի մայիսի 8-ին Լյովա Սարգսյանը հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան՝ ընդդեմ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի՝  իր նկատմամբ վարչական տույժ կիրառելու մասին որոշումն անվավեր ճանաչելու պահանջով։ Գործի քննության ընթացքում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը փոխարինվել է իրավահաջորդով՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովով։

Հայցվորը դատարան ներկայացված հայցադիմումով դիրքորոշում է հայտնել, որ վարչական վարույթը չի իրականացվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի համաձայն և ենթակա է վերացման, քանի որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը պարտավոր էր ապահովել Լյովա Սարգսյանի լսված լինելու իրավունքը և վարչական վարույթի ընթացքում պետք է անցկացներ լսումներ՝ հնարավորություն տալով նրան կամ ներկայացուցչին արտահայտվել վարչական վարույթում քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ, որի միջոցով կապահովեր գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը և գործով իրավաչափ որոշում՝ վարչական ակտ կայացնելը: Հայցվոր կողմը նշել է, որ հանձնաժողովը հաստատապես տեղեկացված է եղել այն մասին, որ Լյովա Սարգսյանը բացակայում է Հայաստանի Հանրապետությունից և հնարավորություն չունի ստանալ իր հաշվառման հասցեով ուղարկված փաստաթղթերը:

Իրականացվող վարչական վարույթի մասին Լյովա Սարգսյանը և վերջինիս ներկայացուցիչը տեղեկացել են 2019 թվականի ապրիլի 17-ին «Հետք»-ում հրապարակված «Միքայել Հարությունյանը տուգանվել է 200.000 դրամով, իսկ Լևոն Սարգսյանը նախազգուշացվել է հայտարարագիր ներկայացնելու համար» հոդվածից, ինչից հետո միջնորդություն է ներկայացվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով՝ վարչական վարույթի նյութերը ստանալու վերաբերյալ։

Դատարանը Սարգսյանի հայցադիմումը բավարարելու վերաբերյալ որոշման մեջ նշել է, որ «օրենսդիրը, սահմանելով վարչական իրավախախտումների վերաբերյալ գործով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն իրականացնելու վարչական մարմնի պարտականությունը, միաժամանակ սահմանել է որոշակի ընթացակարգային երաշխիքներ, որոնք կոչված են ապահովելու նշված խնդիրների իրականացումը: Մասնավորապես, նման ընթացակարգային երաշխիքներ են ենթադրյալ իրավախախտին վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմմանը մասնակից դարձնելը, վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությանը վարչական պատասխանատվության ենթարկվող անձի պարտադիր ներկայությունն ապահովելը, ինչը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով նախատեսված՝ վարչական վարույթում անձի լսվելու իրավունքի մասնավոր դրսևորումն է վարչական պատասխանատվության վերաբերյալ գործի վարույթում»։

 

Դատարանի այս երզահանգումը  բխում է ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածի պահանջներից, որոնցով սահմանված պաշտպանության միջոցները պետք է արդյունավետ լինեն թե՛ գործնական և թե՛ իրավական առումներով, մասնավորապես, այն առումով, որ պաշտպանության միջոցներից oգտվելը չպետք է անհիմն խոչընդոտվի պետական մարմինների գործողություններով կամ անգործությամբ:

Դատարանի գնահատմամբ այդ իրավունքների իրացմանը խոչընդոտելը, դրա իրացման համար լիարժեք հնարավորություն չապահովելը կամ այդ իրավունքների իրացման համար անհիմն՝ ոչ ողջամիտ սահմանափումներ ստեղծելն անթույլատրելի է և հանգեցնում է վերը նշված նորմով երաշխավորված իրավունքների խախտման:

Հետևաբար, ըստ դատարանի հայտնած դիրքորոշման,  վարչական մարմնի կողմից հարուցված վարչական վարույթի իրականացման մասին ծանուցումը վարույթին մասնակից անձին պետք է տրամադրվի այնպես, որ ողջամտորեն ապահովվի վերջինիս մասնակցությունը վարչական վարույթին:

Դատարանի գնահատմամբ իրավական պաշտպանության միջոցից լիարժեք օգտվելու հնարավորության ընձեռումն առաջին հերթին ենթադրում է հարուցված վարչական վարույթի մասին այդ վարույթի մասնակցին ծանուցելու և նրա լսված լինելու իրավունքն ապահովելու պարտականության կատարում:

Միաժամանակ, պատշաճ ծանուցումն իր մեջ ներառում է այնպիսի միջոցով անձին ծանուցելու պարտականություն, որ անձն ողջամտորեն տեղեկացված լինի իր վերաբերյալ հարուցված վարչական վարույթի մասին: Այսինքն՝ անձի ծանուցումը պետք է իրականացվի այնպես, որ առնվազն հնարավոր լինի փաստել, որ այդ անձի հասցեում ստացվել է նրան ուղղված ծանուցումը:

Տվյալ պարագայում, ըստ դատարանի, պատասխանողը չի վկայակոչել կամ չի ներկայացրել վիճարկվող վարչական ակտի հասցեատիրոջը վարչական վարույթի մասին ծանուցված լինելը հիմնավորող որևէ ապացույց:

Միաժամանակ, Դատարանը, ուսումնասիրելով վարչական վարույթի նյութերը, այդ թվում 2019 թվականի ապրիլի 9-ին, ժամը 12:00-ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում տեղի ունենալիք գործի քննության վերաբերյալ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կողմից ուղարկված ծանուցումները, անհրաժեշտ է համարում նշել, որ դրանցով չի ապահովվել Հայցվորի՝ վարչական վարույթի մասին ծանուցված լինելու իրավունքը:

Այսպիսով, դատարանը վճռել է` Լյովա Սարգսյանի հայցն ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, բավարարել, անվավեր ճանաչել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի 09.04.2019 թվականի «Վարչական տույժ կիրառելու մասին» որոշումը,  Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից հօգուտ Լյովա Սարգսյանի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի փոխհատուցման գումար։