Հայաստանի քաղաքական ղեկավարությունը ՀՀ պետական տարածքում գտնվող Ադրբեջանի զինծառայողների ուղղությամբ չկրակելու հրաման չի տվել, կրակելու-չկրակելու որոշում է կայացնում ՀՀ ռազմական ղեկավարությունը։ Մայիսի 27-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Էդվարդ Ասրյանը։

«Քաղաքական ղեկավարությունը այդպիսի հրաման չի տալիս։ Կրակելու հրաման տալիս է ռազմական ղեկավարությունը։ Քաղաքական ղեկավարությունը որոշում է հանգուցալուծման ուղղությունները, պայմանները։ Իսկ կրակելու կամ չկրակելու հարցը քննարկում և որոշումը կայացնում ենք մենք»,- ասաց Ասրյանը։

Հարցին՝ թե որ դեպքում կլինի կրակելու հրաման, Ասրյանը պատասխանեց, որ եթե լինեն համապատասխան նախանշաններ, որ հակառակորդը արդեն իսկ ձգտում է իր պայմանները թելադրել, միանշանակ կկիրառվի ռազմական ուժ, զենք և կոչնչացվեն ՀՀ պետական տարածքում գտնվող հակառակորդի բոլոր զինծառայողները։