Մեր տարածքում ականապատողներին ինչպե՞ս կարող էր մոտենալ թշնամին, որտե՞ղ էր տեղանքը հսկողության տակ պահող ստորաբաժանումը: Այս հարցը այսօր առավոտյան ՀՀ տարածքից  վեց զինծառայողի գերեւարելու լուրից հետո հետաքրքրում է շատերին:

Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանի խոսքով, լուրջ չէ առանց տեղանքը իմանալու փորձել նման հարցեր մեկնաբանել:

«Ենթադրաբար իրավիճակը տեղի է  ունեցել ադրբեջանցիների առաջ եկած տարածքում, որը թշնամին համարում է իրենը, մեր զինծառայողները հայտնվել են դիրքային հատվածի տարածքներում»,- irakanum.am-ին ասաց Մհեր Հակոբյանը:

Տպավորությունը, թե մեր բանակին տրվել է միայն «հանձնվելու, նահանջելու» հրամաններ, փորձագետը նկատեց, որ դրա մասին խոսվում է միայն մեդիամակարդակում, իրականում որեւէ պաշտոնական տեղեկություն չկա, որ իսկապես մեր բանակին չկրակելու ու նահանջելու հրաման է տրված. «Մյուս կողմից էլ, եթե նայում ես մեր զինծառայողների գործողություններին, անուղղակիորեն տպավորություն է ստացվում, որ առկա է չկրակելու հրաման: Ամեն դեպքում, սա քաղաքական որոշման մակարդակի հարց է եւ իր քաղաքական հետեւանքներն ունի: Իշխանությունները փորձում են ամեն կերպ խուսափել պատերազմից, բայց չեն հասկանում, որ եթե անարժանապատվության հաշվին խուսափում ես պատերազմից, ստանում ես ե՛ւ պատերազմ, ե՛ւ անարժանապատիվ վիճակ»:

ՀՀ ԶՈՒ շտաբի պետի տեղակալն այսօր հայտարարել է, որ ՀՀ ԶՈՒ հնարավորություն ունի գերեւարել ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանցիներին, իսկ թե ինչու չեն գերեւարում, ըստ մեր զրուցակցի՝ չկա քաղաքական կամք:

Նրա խոսքով, իշխանությունները, կորցնելով Արցախը, հայ ժողովրդին խաղաղություն են փորձում մատուցել եւ ազդելով միամիտ մարդկանց կամ բանակում զինվոր ունեցող ծնողների վրա, թե Արցախը կորցրինք, փոխարենը ձեր երեխան ապահով կծառայի. «Փաստացի ունենք մի վիճակ, որ չկա խաղաղություն, իսկ իշխանությունները պատրաստ չեն ոչ պատերազմի, ոչ էլ պատերազմի քարոզի»:

ՀՀ տարածքում թշնամու գործողությունները ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը համարում է ՀՀ իշխանությունների՝  իրենց պարտականությունները չկատարելու արդյունք:

«Երբ դեռ ապրիլի 30-ից ադրբեջանցիները սկսեցին մեր սահմանների մոտ ակտիվանալ, այդ մասին զգուշացվեց , որ թշնամին  ինչ-որ գործողություններ է նախապատարստում, որեւէ բան չարվեց, մայիսի 5-ին զգուշացվեց, կրկին որեւէ կանխարգելիչ գործողություն չարվեց: Մայիսի 12-ին, երբ առանց մեկ կրակոցի թշնամին մտավ մեր տարածք, դեռ նոր էր, չէր ամրացել, փոքրաթիվ էին, կրկին որեւէ քայլ չձեռնարկվեց ՀՀ իշխանությունների կողմից, ընդհակառակը՝ արգելվեց կրակել: Ակնհայտ է, որ սա վերջանալու էր  կրակոցներով. այդ  բանակցություններով ժամանակ ձգձգեցին, մինչեւ ամրացան, մինչեւ կարողացան լրացուցիչ զինուժ, զենք բերել, դրանից հետո սկսեցին անագել, լկտի ձեւով գործել, հասանք նրան, որ ՀՀ տարածքում աշխատող հայ զինվորին գերեւարում են, իսկ հայ զինվորը չի պատասխանում, որովհետեւ չկրակելու հրահանգ ունի  »,- Irakanum.am-ին ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:

Նիկոլ Փաշինյանը երեկ Աժ-ում հայտարարեց,  որ ՀԱՊԿ-ը և անդամ մեր գործընկեր երկրներն են ՀՀ-ին հորդորել չգնալ ռազմական ճանապարհով այս իրավիճակի հանգուցալուծմանը, անդրադառնալով այս հայտարարությանը՝ ռազմական փորձագետը նկատեց. «ՀԱՊԿ գործընկերները եկան ու պաշտպանե՞ցին մեր զինվորներին, անկախ  նրանից, թե ՀԱՊԿ գործընկերներն ինչ են արել,  Նիկոլ Փաշինյանը պարտավոր էր ապահովել ՀՀ քաղաքացիների անվտանգությունը: Նա իր պարտակաոնությունը տապալել է, մայիսի հինգին իմանալով, որ թշնամին կոնկրետ գործողությունների է  պատրաստվում  ու զորք է կուտակում մեր սահմանների մոտ, ՀԱՊԿ-ն է՞ր խանգարում,  որ զորք բարձրացնեին ու թշնամու  ընդամենը 200 զինվորի առաջխաղացումը կանխեին, ՀԱՊԿ-ն է՞ ասել, դիրքեր մի դրեք, էդ հիմա ամեն ինչ գցում են ՀԱՊԿ-ի գրպանը»:

Irakanum.am