Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ ունի՞ արդյոք մտավախություն, որ եթե ՀՀ-ն պատժիչ գործողություններ իրականացնի մեր սահմանը հատած ադրբեջանական զինված ուժերի նկատմամբ, այնուհետև ՌԴ-ն կամ ՀԱՊԿ զորքերը չեն ցուցաբերի անհրաժեշտ աջակցություն՝ խախտելով պարտավորությունները։ Նիկոլ Փաշինյանն ի պատասխան ասաց, նման բան հնարավոր չէ, որ ՀԱՊԿ-ը կամ Ռուսաստանի Դաշնությունն իրենց պայմանագրային պարտավորությունը չկատարեն։

«Այդպիսի բան ո՞նց է հնարավոր, էդ նշանակում է այդ կազմակերպությունը կամ որևէ երկիր հայտարարի ինքնալուծարման մասին։ Եթե ինքն իր միջազգային պարտավորությունը չի կատարում, դա ո՞նց եք հնարավոր համարում»։

Փաշինյանը հավելեց, որ ՌԴ նախագահը նաև հրապարակային հայտարարել է և իր հետ աշխատանքային քննարկումների ժամանակ ասել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը եղել է և մնում է այն, որ ՀՀ սահմանը կարմիր գիծ է ՌԴ համար։

«Եվ, այո, ցավալի փաստ է, որ Ադրբեջանն այդ կարմիր գիծը հատել է։ Եվ ես անհավանական եմ համարում, անհնարին եմ համարում, որ Ռուսաստանի Դաշնությունը իր պայմանագրային պարտավորությունները չկատարի։ Այդ պայմանագրային պարտավորությունների ամբողջ իմաստն ու մեկնաբանությունն այն է, որ հարձակումը ՀՀ վրա հարձակում է ՌԴ վրա։ Դա գրված է թղթի վրա։ Սա նշանակում է, որ եթե որևէ մեկն անպատիժ կարող է հարձակվել ՀՀ վրա, ուրեմն ցանկացած մեկը անպատիժ կարող է հարձակվել ՌԴ վրա»։