Մենք մեր գործընկերներին ներկայացրել ենք, որ այսպիսի լարված պայմաններում հնարավոր չի լինելու իրավիճակը վերահսկողության տակ պահել: Այս մասին տեղյակ ենք պահել մեր ՀԱՊԿ գործընկերներին և ասել, որ հնարավոր է ցանկացած իրավիճակում, ցանկացած զարգացման դեպքում իրավիճակը վերահսկողությունից դուրս գա: Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

ԱԽ քարտուղարը նշել է, որ այժմ բանակցություններ են վարում, որ ՀԱՊԿ պաշտպանության նախարարների կոմիտեի հանդիպում լինի, որից հետո կլինի նաև անվտանգության խորհրդի քարտուղարներին հանդիպում .

«Այսօր իրավիճակի փոփոխություն է եղել, սահմանում զոհ կա, որն ամբողջովին փոխում է իրավիճակը և ՀԱՊԿ-ը պետք է արագացնի գործընթաց սկսելը և առաքելություն ուղարկելը: ՀԱՊԿ-ը պարտավորություն ունի նաև առաքելություն ուղարկելու հակամարտության գոտի, որ գնահատական տա: Մենք հույս ունենք, որ ՀԱՊԿ-ը նաև առաքելություն կուղարկի»,-ասաց ԱԽ քարտուղարը և հավելեց, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի և ՌԴ նախագահի շփումների արդյունքում նաև համաձայնություն կա, որ Ադրբեջանը պետք է լքի ՀՀ սահմանները:

Արմեն Գրիգորյանը նաև նշեց, որ եթե հայկական կողմը չկարողանա խնդրին արագ կարգավորում տալ խաղաղ դիվանագիտական ճանապարհով, ապա իրավիճակը մոտենալու է 4-րդ հոդվածում նկարագրված իրավիճակին և այդ դեպքում Հայաստանը նաև իր ՀԱՊԿ գործընկերների հետ ստիպված է լինելու այլ կերպ լուծել խնդիրը: