ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում ավարտվել է «Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ֆակուլտետներից մեկի ամբիոնի վարիչի կողմից մի շարք ուսանողների ընթացիկ քննությունների, ստուգարքների, կուրսային և ԲՈՒՀ-ի ավարտական աշխատանքների դրական արդյունքներն ապահովելու համար առևտրային կաշառք, կաշառք ստանալու, ինչպես նաև մեկ այլ անձի կողմից դրանց օժանդակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Քննչական կոմիտեն։

Պարզվել է, որ ամբիոնի վարիչը, պատասխանատվություն կրելով քննաշրջանների և ամփոփիչ, ավարտական քննությունների արդյունքների համար, Վանաձորի բնակչուհու հետ համաձայնության գալով՝ պարբերաբար ստացել է ուսանողներից վերցված տարբեր չափերի կաշառք-գումարներ, որոնց մի մասը տվել է միջնորդին, իսկ ուսանողների կուրսային աշխատանքները, քննությունները, ստուգարքները, ավարտական աշխատանքների պաշտպանությունները գնահատվել են դրական:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ամբիոնի վարիչին մեղադրանք է առաջադրվել և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել գրավը: Ինչպես նաև մեղադրանք է առաջադրվել Վանաձորի բնակչուհուն և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։ Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: