ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժինը մայիսի 25-ին ժամը 14:10-ի սահմաններում հիվանդանոցից ահազանգ է ստացել այն մասին, որ Էջմիածին քաղաքի Մաշտոց փողոցում գործող մշակույթի տանը դիակ է հայտնաբերվել:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը` ժամը 14:10-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնի պարեկապահակային ծառայության դասակի 2-րդ ջոկի ավագ ոստիկանը, ծառայություն իրականացնելով նշված փողոցում, մտել է մշակույթի տան հանդերձարան և իր մոտ գտնվող հաշվեցուցակային զենքի փողը ուղղելով դեպի բերանի խոռոչը՝ կրակոց է արձակել, որի հետևանքով մահացել է:

Ըստ աղբյուրի՝ փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի (ինքնասպանության հասցնելը) 1-ին մասի հատկանիշներով:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: