Մայիսի 20-ին Սյունիքի մարզի Սև լճի տարածքում հայ ու ադրբեջանցի զինծառայողների միջև ծեծկռտուքի հետևանքով տուժած 11 զինծառայողից  5-ն արդեն դուրս են գրվել հոսպիտալից: Միջադեպի օրը տուժած զինծառայողներն առաջին բուժօգնությունը ստացել են Սիսիանի կայազորային հոսպիտալում, նրանցից միայն 4-ն են տեղափոխվել Երեւանի Մուրացանի հոսպիտալ, որտեղ այս պահին բուժումը դեռ շարունակում են:  Սիսիանի կայազորային հոսպիտալում այս պահին բուժում են ստանում տուժած զինծառայողներից երկուսը:

«Բուժում ստացող զինծառայողների  առողջական վիճակը գնահատվում է բավարար, անհանգստացնող որեւէ բան չկա: Միջին ծանրության վնասվածք ստացել է միայն մեկ զինծառայող, նրա առողջական վիճակն էլ է գնահատվում բավարար: Տուժածներն ունեցել են սալջարդեր տարբեր անատոմիական շրջաններում, զինծառայողներից մեկի մոտ եղել է մեկ գծային կոտրվածք գանգուղեղային վնասվածքի հետ միասին, որն էլ հենց միջին ծանրություն է համարվել, հրազենային վիրավորումով զինծառայող  չի եղել» ,-Irakanum.am-ին ասաց ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետի  տեղակալՏիգրան Ավետիսյանը:

Հիշեցնենք` մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Սահմանային հատվածներում դիրքավորված ադրբեջանցիները պարբերաբար սադրանքների էին դիմում, ինչի արդյունքում էլ գրանցվել էր ծեծկռտուքը:

Irakanum.am