Armenia Flag

Վերջին օրերին հայկական մամուլում լուրեր շրջանառվեցին առ այն, թե 160 հայ զինծառայող գտնվում է Իրանում, և նրանց վերադարձի համար Թեհրանը նախապայմաններ է ներկայացրել:

ԻԻՀ դեսպանատունը կտրականապես հերքեց այդ տեղեկատվությունը: Թեմային անդրադարձել է նաև Իրանի պետական ռադիոհեռուստատեսության (IRIB) լրատավակայքերից Parstoday-ը:

Կայքում հրապարակված վերլուծական հոդվածում ընդգծվել է, որ նմանատիպ լուրերի շրջանառումը թիրախավորում է Հայաստանի հասարակական կարծիքը և Իրան-Հայաստան հարաբերություններին վնաս հասցնելու նպատակ է հետապնդում: Իրանական լրատվամիջոցը մասնավորապես նշել է, որ հակաիրանական տրամադրությունների հրահրումը կարող է ունենալ մեկ նպատակ՝ ազդել «Զանգեզուրի միջանցքի» և հարևանների հետ պաշտոնական սահմանների անխախտելիության վերաբերյալ Իրանի դիրքորոշման վրա:

Հետպատերազմական ժամանակահատվածում, երբ ավելի քան երբևէ կարևորվորվում է մի շարք ռազմավարական ոլորտներում օրակարգային դարձած հայ-իրանական անխափան և հաջող համագործակցությունը, ոչ համակողմանիորեն ստուգված տեղեկատվության տարածումը կարող է ունենալ բացառապես բացասական հետևանքներ: Հայաստանում նման գործելավոճով հակաիրանական տրամադրությունների հրահումը միանշանակ կերպով նպաստում է թշնամական քարոզչական օրակարգին:

Եվ հատկանշական է, որ նման տեղեկատվություն տարածվում է տարածաշրջանային զարգացումներում Իրանի ակտիվացման, ՀՀ տարածքային ամբողջականության հետ կապված խիստ հայամետ դիրքորոշման դրսևորման ֆոնին։ Չի բացառվում նաև, որ նման կերպ փորձ է արվում խափանել հայ-իրանական օրակարգում մի շարք ռազմավարական կարևորության ծրագրերի, ինչպես օրինակ՝ Պարսից ծոց-Սև ծով միջանցքի գործարկման, Հյուսիս-Հարավ միջանցքի համար Հայաստանը որպես տարանցիկ երկիր ներգրավելու, Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքների զարգացմանը իրանական կողմի մասնակցության և նմանատիպ ուղղություններով կանխատեսվող զարգացումները,հատկապես՝ իրանցի մի քանի պաշտոնյաների՝ Հայաստան այցի նախաշեմին: