Հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քաղաքական դաշտում են հայտնվում բոլոր նրանք   , որոնց ձեռքը մի քիչ փող կա, ովքեր էլ չունեն՝ փողոտ հովանավորներ են գտնում։ Ու կարևոր չէ այն հանգամանքը, որ վերոհիշյալ անձնավորությունները որեւէ կերպ չեն կարող ազդել ընտրությունների արդյունքների վրա, կարևորը՝ տանեցիներն ու բարեկամներն ուրախանան, հարևաններից ոմանք էլ՝ նախանձեն։  Այդպիսիք այս ընտրական գործընթացում շատ կան։ Օրինակ Մգեր Արմենիա, Տիգրան Արզաքանցյան և իհարկե «լավագույն» եռյակը եզրափակում է Երվանդ Թարվերդյանը։ Գուցե շատերի մոտ տրամաբանական հարց առաջանա, իսկ ո՞վ է նա։  Թարվերդյան Երվանդը պահածո արտադրող է, ընդամենը։ Հիմա էլ՝ կուսակցություն է ստեղծել և հայտ է ներկայացրել մասնակցելու ընտրություններին։ Անունն էլ դրել է «Միացյալ Հայաստան»։ Այն, որ յուրաքանչյուր ոք ազատ է իր պատկերացումներում որեւէ մեկը չի քննարկում և հետո ցանկանալը լավ բան է։ Թարվերդյանը ցանկանում է, իրականությունն այլ բան է։

Նորելուկ այս քաղաքական գործիչը (թող ներեն բոլոր իրապես քաղաքական գործիչ համարվողները) խոսում է ներքին ու արտաքին քաղաքականությունից, վերլուծություններ անում, իսկ որպեսզի իր ասածին լրջություն հաղորդի, չի մոռանում շեշտել՝ կիրագործվեն բոլոր խոստումները։ Թարվերդյանը սակայն սխալվել է իր հաշվարկներում, հայ հասարակությունը վաղուց հոգնել է կենացներ լսելուց, ու առհասարակ այն, որ պետությունը գտնվում է աղետալի վիճակում, մասամբ նաեւ մեղավոր են նրանք, ովքեր չեն զբաղվում իրենց բուն գործունեությամբ։

Օրինակ Մգեր Արմենիան գոներ պետք է երգեր։ Այլ հարց է՝ նրա երգերը կսիրվեյին,  թե ոչ։ Նույնը Թարվերդյանի պարագայում է։ Մարդը քաղաքականությունից հեռու է, բայց իր «մուտքով» անլրջացնում է, առանց այն էլ անմիտ ու անգաղափար քաղաքական դաշտը։ Իսկ ո՞ւմ է սա ձեռնտու։ Ովքե՞ր են ասպարեզ «նետել» տիգրանարզաքանցյաններին, մգերարմենիաներին ու երվանդթարվերդյաններին։

Irakanum.am