«Այս ճգնաժամային պայմաններում, որ մենք փորձում ենք անցկացնել ընտրություններ, դա իմիտացիա է, որպեսզի հերթական անգամ մենք մեր ժողովրդին դնենք ավելի խորացված ճգնաժամի մեջ, ավելի բարդ իրավիճակում»,- մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը: Նրա համոզմամբ, ընտրությունները կխորացնեն ճգնաժամը:

Արա Աբրահամյանն անառողջ մոտեցում է համարում, երբ 20 –ից ավելի ուժեր ընտրությունների են ցանկանում մասնակցել, նա նաեւ շոու որակեց սպասվելիք ընտրությունները. «Այս ճգնաժամային իրավիճակին հասցրել են բոլոր մեր իշխանությունները՝ սկսած Լեւոն Տեր-Պետրոսյանից, վերջացրած այսօրվա իշխանությունները:

Ի՞նչ է փոխանցել Լեւոն Տեր- Պետոսյանը Ռոբերտ Քոչարյանին, ի՞նչ ժառանգություն է Ռոբերտ Քոչարյանը թողել երրորդ նախագահին: Որո՞նք են այդ արժեքները, որ մենք պետք է շարունակեինք: Ի՞նչ փոխանցեց երրորդ նախագահն այսօրվա իշխանություններին, եւ ինչ բերեցին այսօր մեր իշխանությունները:

Չեմ կարողանում բառեր գտնել, ձեզ փոխանցել՝ տեսնելով այս ամենը…այսօրվա կառավարությունը, որը պարտվել է, ճգնաժամի հիմնական պատասխան տվողներից մեկն է: Սա գիտեք՝ ոնց որ պետություն չլինի, այլ ինչ-որ խաղ: Մի մարդ պատասխանատվություն է վերցրել իր վրա, որ ոչնչից գաղափար չունի»:

Արա Աբրահամյանը նաեւ պատմեց, որ եղել է սահմաններում, զինվորականների հետ է խորհրդակցել, ժողովրդի հետ է խոսել:

«Մարդիկ չգիտեն՝ ի՞նչ են անում, ո՞ւր են տանում իրենց, անորոշության մեջ են: Ոչ մեկ չգիտի՝ ինչ ընտրություններ են, ում ընտրեն…Ի՞նչ ընտրություն, ո՞ւմ համար, այսօր դա շահավե՞տ է մեր ժողովրդի համար, այսօր դա մեր սահմաննե՞րն է հաստատում: Դա արվում է, որ պատրաստվենք նոր խնդիրների, նոր պատերազմի: Մենք ամեն պայման ստեղծում ենք, որ իրենք մեզ հերթական անգամ արժեզրկեն: Արդեն Ղարաբաղն իրենցն է, հիմա էլ Հայաստանը»:

Արա Աբրահամյանը հայտնեց, որ աջակցում և համագործակցում է «Ալյանս» կուսակցությանը և նրա ղեկավարի հետ, քանի որ կարծում է, որ Տիգրան Ուլիխանյանը ցանկանում է ծառայել հայրենիքին։
Տիգրանն Ուլիխանյանն ու Արա Աբրահամյանը կկազմեն դաշինք։

Աբրահամյանն ասաց՝ ամեն անգամ տարբեր իշխանությունների դիմել է նամակով, արել առաջարկներ, բայց մնացել է անպատասխան, դրա համար այսօր ուզում է՝ համախմբել բոլոր առողջ ուժերին և ստեղծել հզոր Հայաստան։
Ռուսաստանի հայերի միության նախագահն ասում է՝ քաղաքական հավակնություններ չունի, Հայաստանում է խղճից դրդդված։