Լրագրողներին՝ մայիսի 23-ի մասնագիտական օրվա առթիվ շնորհավորել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը՝ անգնահատելի համարելով նրանց գործունեությունը՝ երկրի ու ժողովրդի համար օրհասական պահերին։

 «Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր Արցախի Հանրապետությունում լրագրողների մասնագիտական օրն է:

Կուզեի խորին երախտագիտության ու բարեմաղթանքի խոսքեր հղել մեր լրագրողական համայնքի բոլոր ներկայացուցիչներին՝ արհեստավարժ ու անխոնջ աշխատանքի համար։ Նաև այդ աշխատանքի շնորհիվ է պետականաշինության ուղին բռնած մեր Հայրենիքը կարողացել հարթել իր ճանապարհը և հաղթահարել առկա դժվարությունները տարբեր ժամանակահատվածներում։

Հատկապես անգնահատելի է ձեր գործունեությունը մեր երկրի ու ժողովրդի համար օրհասական պահերին։ Պատերազմական ծանր ու դժվարին պայմաններում դուք իրականացնում էիք ձեր առաքելությունը՝ անձնվիրաբար ու անմնացորդ ծառայելով Հայրենիքին ու մասնագիտական կոչմանը, ինչի համար շնորհակալ ենք ձեզ։ Համոզված եմ՝ առաջիկա մարտահրավերները ևս կհաղթահարենք միասնական ջանքերով, իսկ լրագրողական արդյունավետ աշխատանքի համար անհրաժեշտ պայմանների ապահովումն ու բարելավումը լինելու են պետության շարունակական հոգածության ներքո:

Թող այսուհետ ձեր աշխատանքը լինի միայն ու միայն անվտանգ, զարգացող ու զորացող Արցախի մասին։

Հաջողություն ձեզ ու ամենայն բարիք»,-նշել է Արտակ Բեգլարյանը։