ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը հերքում է տեղեկություներն այն մասին, որ Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը արգելել է բժիշկներին մասնակցել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպմանը։ Հիշեցնենք, որ օրեր առաջ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել էր առողջապահության ոլորտի ներկայացուցիչների հետ:

Irakanum.am-ի հետ զրույցում Շուշան Դանիելյանը հայտնեց, որ հրապարակումն արած լրատվամիջոցից պահանջել են հերքել տեղեկատվությունը, քանի որ այն իրականության հետ որեւէ աղերս չունի։

«Հրապարակումն ամբողջովին զրպարտություն է, ապատեղեկատվություն, ինչով պայմանավորված մենք տվյալ լրատվամիջոցին ենք դիմելու հերքման պահանջով, իսկ ինչ վերաբերում է մեկնաբանությանը, ապա կարող եմ կարճ ասել՝  չարչիությունը, ստախոսությունը և ցինիզմը  առողջապահության ոլորտում պետք է իսպառ վերացնել»,- ասաց Շուշան Դանիելյանը։

Հարցին, թե եղել է առաջարկ, որ բժիշկները մասնակցեն Քոչարյանի կազակերպած հանդիպմանը, ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավարն ասաց․ «Բուհը ապաքաղաքական կառույց է, և թե 2018 թվականի՝ բոլորիս հայտնի իրադարձությունների ժամանակ, և թե հիմա համալսարանական որևէ  աշխատակից խոչընդոտներ չի ունենում իր քաղաքական  որեւէ կողմնորոշումը ներկայացնելու առնչությամբ»։ Ըստ Դանիելյանի՝ Բուհում որեւէ ուղղորդում չի եղել, չի լինելու։

Irakanum.am