Երեկ ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, խոսելով Հայաստան ներթափանցած ադրբեջանական զորքի հետ կապված հարցի լուծման մասին, հայտարարել էր, որ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանների սահմանագծման և հետագայում սահմանազատման գործընթացները պետք է մաս կազմեն հակամարտության համապարփակ խաղաղ կարգավորման գործընթացի, որի շրջանակներում առաջնային կերպով պետք է հասցեագրվեն Արցախի Հանրապետության տարածքների դեօկուպացիայի և Արցախի վերջնական իրավական կարգավիճակի որոշման հարցերը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո»:

Նկատենք, որ ՀՀ ԱԳՆ-ի այս պնդումներին լրիվ հակառակ դիրքորոշում էր ներկայացրել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Դեռևս մայիսի 20-ին ԱԺ արտահերթ նիստի ժամանալ ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը բարձրաձայնել էր այն հարցը, որ Փաշինյանի կողմից սահմանների սահմանազատման մասին անվանումը կրող փաստաթուղթը ստորագրելու դեպքում չի՞ նշանակում, որ Հայաստանը վերջնական փակելու է վերջին «դուռը» Արցախի առջև, Փաշինյանը հայտարարել էր, թե այն փակվել էր դեռևս 1991 թվականին:

«1991 թվականի դեկտեմբերին, երբ, որ Ալմաթայում ընդունվեղ հռչակագիր Անկախ պետությունների համագործակցության ստեղծման վերաբերյալ, այդ հռչակագիրը բոլոր երկրները ստորագրեցին ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը: Եթե այս ամոնով խնդիր կա, ապա դա ստեղծվել է 1991 թվականին դեկտոմբերիմ»,-հայտարարել էր Փաշինյանը: Այս անգամ էլ նախկինների վրա բարդելով, Փաշինյանը խլացնում է բարձրացված կարևորագույն հարցը։

Իսկ ՀՀ ԱԳՆ-ի և Նիկոլ Փաշինյանի միջև հակասությունները ակնհայտ են դառնում։ Մեր երկրի արտաքին հարաբերությունների հետ կապված հարցերում Կառավարության ղեկավարի և անդամ կառույցի ղեկավարի, ենթակաների տեսակետները սկզբունքորեն տարբերվում են։ Արա Այվազյանը և փոխնախարարները համակարծիք չեն այն թեզերի հետ, որն առաջ է տանում Նիկոլ Փաշինյանը:

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն, ԱԳՆ նախարարի հրաժարականի լուրերից հետո Փաշինյանը սուրհանդակ է ուղարկել Այվազյանի մոտ: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը փորձել է Փաշինյանի հրահանգով Այվազյանին համոզել հրաժարական չտալ, քանի որ այս պահին դա կխարխլի պետության կայունությունը: Ռուբինյանը վերադարձել ու Փաշինյանին զեկուցել է, որ խնդիրը հարթված է, Այվազյանը թիմով հրաժարական չի ներկայացնի: Բայց երեկ բոլորի համար անակնկալ ԱԳՆ մամուլի խոսնակի անունից արվեցին հայտարարություններ, որոնք հակասում են վարչապետի ժպ-ի թեզերին և մեր տեղեկություններով, դրա բովանդակությանը նախապես ծանոթ չի եղել Փաշինյանը:

Այս ամենից հետո ArmLur.am-ի կառավարական աղբյուրները փոխանցում են, որ Փաշինյանն իր մոտ է կանչել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանին ու հայտնել, որ պետք է «ֆեյքերի» ՊՈԱԿ-ը ԱԳՆ-ին վարկաբեկող հոդվածներ պատրաստի ու սկսի քննադատել նրանց աշխատանքը ԶԼՄ-ներով և սոցցանցերով:

Մանրամասները՝ArmLur.am-ում։