Կորոնավիրուսային համավարակի սկզբից ի վեր Վրաստանը 1,9 միլիարդ դոլար է ստացել միջազգային գործընկերներից: Այս մասին լրագրողներին տեղեկացրել է Վրաստանի ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Գիորգի Կակաուրիձեն, գրում է Eurasia Daily-ն:

Փոխնախարարի խոսքով՝ ստացված գումարի հիմնական մասը փոխառություն, իսկ 100 միլիոն եվրոն՝ դրամաշնորհներ են:

«Դրանք հիմնականում վարկեր են, դրամաշնորհը չնչին մաս է կազմում` մինչև 100 միլիոն եվրո, իսկ մնացածը փոխառու միջոցներ են, ընդհանուր առմամբ, համավարակի բարդության պատճառով, դրանք կազմում են մոտ 1,9 միլիարդ դոլար»,- շեշտել է վրացի պաշտոնյան:

Բացի այդ, նա հավելել է՝ որոշ ծրագրերով (օրինակ՝ Համաշխարհային բանկի) նախատեսված ֆինանսական միջոցները հաշվարկվել են առողջապահական ծախսերի, այդ թվում՝ պատվաստանյութի բաղադրիչի համար: