Մայիսի 21-ին տեղի է ունեցել ԵԽ Նախարարների կոմիտեի 131-րդ առցանց նստաշրջանը, որին մասնակցել և ելույթով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը:

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել ԵԽ դերակատարությունը Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ու ամրապնդման գործում և ընդգծել, որ Հայաստանը հավատարիմ է Եվրոպայի խորհրդի գաղափարներին ու արժեքներին։

Անդրադառնալով 2020թ․ Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին՝ նախարարի պաշտոնակատարը ԵԽ անդամ երկրների ուշադրությունն է հրավիրել պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից իրագործված մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքի զանգվածային խախտումներին, հայ ռազմագերիների և պահվող քաղաքացիական անձանց նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքի դեպքերին, Արցախի պատմամշակութային հուշարձանների պահպանությանն ու միջազգային կառույցների՝ Արցախ անխոչընդոտ մուտքին առնչվող խնդիրներին: Այս համատեքստում ԱԳ նախարարի պաշտոնակատարն ընգծել է, որ միջազգային հանրության կողմից պատշաճ արձագանքի  բացակայությունն Ադրբեջանին խրախուսեց նույն քաղաքականությունը վարել Հայաստանի Հանրապետության նկատմամբ:

Ամփոփելով՝ նախարարի պաշտոնակատար Այվազյանը նշել է․ «Եթե մենք նոր լիցք չհաղորդենք ողջ Եվրոպայում ժողովրդավարական անվտանգությունը երաշխավորելու մեր ջանքերին, Եվրոպայում ավելի մեծ միասնության մեր կարևորագույն նպատակը կմնա պատրանք, և հատկապես նրանց համար, ովքեր ապրում են հակամարտությունների և առճակատումների գոտիներում»: