Հայաստանի Հանրապետության
Գլխավոր դատախազ Ա. Դավթյանին
Հաղորդում հանցագործության մասին
Սույն թվականի մայիսի 18-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հանրությանը որպես «Սորոսի հիմնադրամի» կարկառուն շահառու հայտնի Դանիել Իոաննիսյանը տեղադրել է հետևյալ բովանդակությամբ գրառում.
«Վերադառնում եմ Վերին Շորժայի մարտական դիրքերից։ Հայաստանի Զինված ուժերը վերահսկում են իրավիճակը և էական առավելություն ունեն ՀՀ տարածք մտած ադրբեջանական ստորաբաժանումների նկատմամբ:
Այցի հիմնական նպատակը դիրքերում զինվորներին բարոյապես աջակցելն ու կյանքը մի քիչ քաղցրացնող սնունդն տանելն էր:
Հորդորում եմ բոլորիդ վերականգնել այն աջակցությունը, որն ունեին մեր զորքերը պատերազմի ժամանակ:
Առաջնագծում կանգնած զինվորը պետք է իմանա, որ մենք իրեն սիրում ենք, որ մենք իր մասին հոգում ենք ու որ թիկունքը ամուր ենք պահում: Հենց այդ զինվորն է այժմ ապահովում մեր անվտանգությունը և ոչ ՀԱՊԿ-երը:
Հ.Գ. Ով այնտեղ հարազատ զինվոր ունի, թող իմանա, որ զորքի տրամադրությունը բարձր է»:
Այս գրառումից ուղղակի հետևում է կամ հիմնավոր կերպով ենթադրվում է, որ՝
• նա եղել է մարտական դիրքերում և հստակ ծանոթ է դրանց գտնվելու վայրին,
• մարտական դիրքեր մուտք է գործել դրա իրավունքը ակնհայտ չունեցող անձ,
• նա քաջածանոթ է մեր զորքերի սպառազինությանը, հնարավոր է՝ տեղեկացված է զինտեխնիկայի և ծանր սպառազինության ու դրանց տեղակայման մասին,
• նա կարող է ծանոթ լինել զորքերի թվաքանակին,
• նա գտնվել է այն վայրերում, որտեղ թշնամին մուտք է գործել ՀՀ սուվերեն տարածք,
• տիրապետում է ռազմական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների:
Դանիել Իոաննիսյանը, հանդիսանալով «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի կամ «Սորոսի հիմնադրամի» շահառու, գործում է ի շահ այդ կազմակերպության և դրա նպատակների համար՝ վարձատրության դիմաց: Դանիել Իոաննիսյանը չի հանդիսանում ինքնուրույն, իր հաշվին և ազգային նպատակներով գործող անձ, հետևաբար, նրա այցելությունը ՀՀ Զինված ուժերի դիրքեր ունի այլ` քողարկվող նպատակներ: Ակնհայտ է, որ թե այցելությունը, թե «զինվորի կյանքը քաղցրացնելու» գործողությունները կատարվել են «Սորոսի հիմնադրամի» հաշվին և դրա ծրագրերի համար, ուստի ունեն լրիվ այլ նպատակներ, քան հայ զինվորի կյանքն իրականում «քաղցրացնելը»:
Արցախյան վերջին աղետալի պատերազմի ընթացքում Դանիել Իոաննիսյանը, չհանդիսանալով զինծառայող, կամավոր կամ ռազմաճակատին որևէ կերպ պիտանի անձ, կրկին «Սորոսի հիմնադրամի» հաշվին, անընդհատ շրջել է Արցախում՝ մեր զորքերի դիրքերի մոտ, առանց որևէ տրամաբանական և ընկալելի նպատակի:
Հայտնի է նաև, որ Դանիել Իոաննիսյանի հարազատ քույրն այդ պատերազմի ընթացքում ունեցել է խնդիրներ՝ կապված Արցախի Հանրապետության իրավասու մարմինների կողմից նրան լրտեսության մեջ կասկածելու հետ: Ի դեպ, այդ պատմության իրական ավարտի և դրա իրական պատճառների մասին լայն հանրությանը տեղեկատվություն չի տրամադրվել:
Դանիել Իոաննիսյանը հանդիսանում է այնպիսի կազմակերպության շահառու, որի գործունեության մեջ շատ հաճախ տեղ են գտնում հակազգային, հակապետական գործունեության տարրերը, սուտ տեղեկատվության տարածումը, ազգակործան «արժեքների» քարոզը:
Հայտնի է, որ հիմնադրամի ստեղծող, հայտնի կոռումպացված օլիգարխ Ջորջ Սորոսը հանդիսանում է Թուրքիայի նախագահ Ռ. Էրդողանի մտերիմ ընկերը, ինչպես նաև՝ Ադրբեջանի բարեկամը:
Նման պայմաններում ունենք իրավունք՝ հիմնավոր կերպով կասկածելու, որ, մասնավորապես, 18.05.2021թ. Դանիել Իոաննիսյանը գտնվել է ադրբեջանական զորքերի՝ ՀՀ տարածք ներթափանցման վայրերում՝ ՀՀ Զինված ուժերի դիրքերում, իրականում լրտեսության նպատակով, իսկ, քանի որ նա ՀՀ քաղաքացի է, ուրեմն՝ պետական դավաճանության համար: Նա ազատ է եղել՝ հավաքելու ռազմական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ և որևէ կերպ բացառված չէ, որ այդ տեղեկատվությունը փոխանցվել է թշնամուն:
Վերոգրյալի հիման վրա պահանջում ենք՝ Դանիել Իոաննիսյանի կողմից ՀՀ Զինված ուժերի դիրքեր այցելելու և ռազմական գաղտնիք հանդիսացող տեղեկությունները հավաքագրելու/տիրանալու փաստի առթիվ հարուցել քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 299 հոդվածի հատկանիշներով (պետական դավաճանություն) և պատասխանատվության կանչել մեղավոր անձանց:
«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժում