Բաղրամյան պողոտայում երեկ տեղի ունեցած ակցիայի ժամանակ ոստիկանության կարմիր բերետավորները ծեծի են ենթարկել «Մարտական խաչ» առաջին աստիճանի ասպետ, Շուշիի մարտերում հրազենային վիրավորումներ ստացած Եղիշե Բոցինյանին։

Այս մասին «Ա1+»-ին հայտնեց Եղիշեն։

«Ես դիմեցի ոստիկանությանը, ասացի՝ ամոթ է, էստեղ ժողովրդին մի քաշքշեք, գնացեք սահման, իրական բոքսը հիմա էնտեղ ա գնում, այնտեղ թուրքի հետ կռվեք, ես էլ ձեզ հետ պատրաստ եմ գալ։ Այս խոսքիս վրա սկսեցին ծեծել։ Աչքս վնասել են, գլխուղեղի ցնցում եմ ստացել և կողքաճաղերի սալջարդ»,- պատմում է Եղիշեն։

Նրա խոսքով՝ Գիտությունների ազգային ակադեմիայի մոտ էր, երբ դիմեց ոստիկաններին՝ տեսնելով, որ ժողովրդին բերման են ենթարկում․ «Ակադեմիայի մոտից մինչև Ազգային ժողով գետնին քարշ տալով, ծեծելով՝ տարան, պարկի պես շպրտեցին մեքենայի մեջ, մեքենայի մեջ էլ ծեծեցին, իջեցրին մինչև Օպերա։ Այդտեղ վատացա, շնչահեղձ էի լինում։ Իրենք զանգեցին շտապօգնություն»։

Եղիշեն սպայական ծառայության նպատակով 2012 թվականին Երևանից Արցախ է տեղափոխվել, ծառայել Եղնիկներում, 44-օրյա պատերազմի ընթացում էլ մի քանի տեղից հրազենային վիրավում է ստացել Շուշիի մարտերում։

«Մարտական խաչ»-ի ասպետը պատերազմի օրերը հիշել չի ուզում, ասում է՝ ծանր ու դաժան օրեր էին։ Մարտի 3-ին զորացրվել է առողջական խնդիրների պատճառով։ Հիմա դեռ Երևանում է, ապաքինման ընթացքի մեջ։

Ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը «Ա1+»-ին հայտնեց, որ այս դեպքով ոստիկանությունում նշանակված է ծառայողական քննություն, մանրամասների մասին կհայտնեն հավելյալ։