«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ ArmLur.am-ը հրապարակեց փաստաթուղթ, որի շուրջ այս պահին բանակցում են Հայաստանը, Ադրբեջանն ու Ռուսաստանը։ Ավելի ուշ խորհրդարանում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ հենց այդ փաստաթուղթն է այսօր բանակցվում, որը նա անվանեց նաեւ հայանպաստ։ Նկատենք, որ այս փաստաթղթի ստորագրումից հետո պետք է սկսվի դեմարկացիայի եւ դելիմիտացիայի գործընթաց։

Եվ ինչպես երեկ խորհրդարանում բարձրաձայնեց ՀՀ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը, այն կարող է ռիսկեր պարունակել նաեւ Արցախի մասով եւ կարող է նշանակել, որ փակում ենք Արցախի հարցի լուծման, այսօրվա օկուպացված տարածքների ազատագրման բոլոր հնարավորությունները։

Ի վերջո, ի՞նչ նշանակություն է ունենալու այս փաստաթուղթն Արցախի մասով, եւ ի՞նչ ռիսկեր է պարունակում։ Այս հարցերի պատասխանները «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է ստանալ Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանից։ «Ես չեմ տեսել այդ փաստաթղթի բնօրինակը, չգիտեմ՝ ինչ կետեր կան։ Բայց հարցն այն է, որ Արցախը երբեք չի եղել, եւ չպետք է դիտարկել, որ կարող է լինել Ադրբեջանի կազմում։

Հիմա Ադրբեջանը բռնազավթել է Արցախի շրջանի մոտ 80 տոկոսը, եւ տեսնում ենք, թե ինչ վիճակում է այն։ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի կարող տարածվել Արցախի վրա»,- նշեց նա։ Բաբայանի խոսքով՝ առանց սահմանների եւ այլ խնդիրները լուծելու, երկրները կարող են ճանաչել իրար։ «Մենք դա չենք համարում սահման, այլ շփման գիծ։ Ցանկացած արցախցի այդպես է մտածում։ Հայաստանի ժողովուրդը պետք է իրենց տեսլականն ունենան եւ միասնական մոտեցում»,- հավելեց նա»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում