Ռուսաստանը մեծ փորձ է ձեռք բերել սահմանագծման և սահմանազատման հարցերում ու պատրաստ է այս խնդրով խորհրդատվական աջակցություն ցուցաբերել Հայաստանին ու Ադրբեջանին: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն:

«Ռուսաստանը պատրաստ է Երևանի ու Բաքվի կողմից համապատասխան խնդրանքի դեպքում խորհրդատվական աջակցություն ցուցաբերել այս գործընթացում: Մենք սահմանազատման մեծ աշխատանքներ ենք իրականացրել Ղազախստանի, Չինաստանի և այլ երկրների համար: Մենք մեծ աշխատանքային փորձ ենք կուտակել: Այդ իսկ պատճառով պատրաստ ենք մասնակցել այս գործընթացին, բայց, կրկնում եմ, բոլոր կողմերի համաձայնության ու համապատասխան դիմումի դեպքում»,- ասել է նա:

Ռուդենկոն նշել է, որ սահմանագծման և սահմանազատման հարցերի լուծման ուղղությամբ տարվող աշխատանքի արդյունքը պետք է դառնա պետական սահմանի մասին պայմանագիրը: